

Հայասատանում Ֆրանսիային դեսպանությունը կրթաթոշակ է տրամադրում հայազգի երկու երիտասարդների վերապատրաստման համար: 2016-ին նրանք կմեկնեն Անգուլեմի Անիմացիոն կինոյի դպրոց: Այս մասին այսօր հայտարարել են ֆրանսիայի դեսպանատան մշակույթի հարցերով կցորդ Նատալիա Ցագրիսը և «Ռեանիմանիա» Երևանի Միջազգային Կինոյի և Պատկերապատման արվեստի փառատոնի հետ տնօրեն Վրեժ Քասունին:
Հայ-ֆրանսիական համագործակցությունը կինոյի ոլորտում կայուն ու գեղեցիկ ավանդույթի է վերածվում: Հայաստանում ֆրանսիայի դեսպանատան մշակույթի հարցերով կցորդ Նատալիա Ցագրիսն այդ համագործակցության հիմքում այսօր կարևորեց մասնավորապես «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում ամեն տարի ներկայացվում է ֆրասիական կինոն՝ իր հին ու նոր հետաքրքիր կինոդեմքերով: «Ֆրանսիական անիմացիոն կինոյի ներկայացման համար արդեն մի քանի տարի հրաշալի հարթակ է դարձել երևանյան «Ռեանիամանիա» փառատոնը:
«Միայն այս տարի փառատոնի շրջանակներում ներկայացվել են 48 ֆրանսիական ֆիլմեր, որոնք դիտել են ավելի քան 2700 հանդիսատեսներ»,-ասում է Նատալիա Ցագրիսը: Նրա տեղեկացմամբ՝ «Ռեանիմանիա» փառատոնի հետ համագործոկցությունը զարգացման միտումներ ունի նաև կինոկրթության ոլորտում: Առաջին անգամ Հայասատանում Ֆրանսիային դեսպանությունը կրթաթոշակ է տրամադրում հայազգի երկու երիտասարդների վերապատրաստման համար:
Կրթաթոշակի համար մրցույթը հայտարարվել էր դեռևս այս տարվա հոկտեմբերի 9-ին, և ընտրությունը կատարել էր Անգուլեմի Անիմացիոն կինոյի դպրոցը: Հայտ ներկայացրած երիտասարդ անիմատորներից կրթաթոշակը շնորհվեց Լևոն Բաղդասարյանին և Շուշանիկ Եսայանին: Երկուսն էլ «Թումո» կենտրոնի սաներ են: 2016-ին նրանք կմեկնեն Անգուլեմի Անիմացիոն կինոյի դպրոց՝ յուրացնելու անիմացիոն կինոյի հմտությունները:
Կրթության ոլորտում «Ռեանիմանիա» փառատոնն առայժմ համագործակցում է միայն Անգուլեմի Անիմացիոն կինոդպրոցի հետ, որը Եվրոպայում հայտնի է որպես անիմացիայի և պատկերապատումների հզոր կենտրոն, սակայն հետագայում հայ-ֆրանսիական համգործոկցությունը կինոկրթության ոլորտում կընդլայնվի: «Փառատոնն անում է ամեն ինչ, որպեսզի հայ երիտասարդ անիմատորները դրսում կրթվելու հնարավորություն ստանան, սակայն պայմանով, որպեսզի ստացած գիտելիքները օգտագործեն Հայաստանում և նպաստեն հայ կինոյի զարգացմանը»,-ասում է փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին:




