

Ազգային ժողովի դեկտեմբերի 7-10-ի քառօրյայում, որն ի դեպ վերջինն է աշնանային նստաշրջանի ընթացքում, մի քանի կարևոր քննարկումներ են սպասվում: Դրանցից գլխավորը Բյուջե 2016-ի քվեարկությունն է: Քննարկումը տեղի է ունեցել նախորդ քառօրյայի ընթացքում, երկուշաբթի մեկնարկելիք քառօրյայում սպասվում է փաստաթղթի քվեարկությունը: Բայց մինչ այդ՝ կառավարության ներկայացուցիչը պատգամավորներին կներկայացնի, թե գործադիրը խորհրդարանի որ առաջարկներն է ընդունելի համարել: Թե ուրիշ ինչ ուշագրավ իրադարձություններ են սպասվում ԱԺ վերջին քառօրյայում՝ «Ռադիոլուրի» անդրադարձում։
Դեկտեմբերի 7-ին մեկնարկելիք քառօրյայի ինտրիգներից մեկը հարցն է, թե արդյո՞ք էթիկայի
հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը ԱԺ ամբիոնից կընթերցի այս շաբաթ կայացված որոշումը, թե՞ կնախընտրի պարզապես տեքստը բաժանել պատգամավորենրին:
Համաձայն օրենքի՝ հանձնաժողովի նախագահը եզրակացությունը պետք է հրապարակի հերթական նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերում: Հրապարակել տերմինը, սակայն, հանձնաժողովի նախագահները տարբեր կերպ են մեկնաբանում. մեկ անգամ, երբ հանձնաժողովը նախագահում էր Նիկոլ Փաշինյանը, եզրակացությունը ԱԺ ամբիոնից ընթերցվել է, մյուս դեպքերում՝ պարզապես բաժանվել է պատգամավորներին:
Իսկ այս անգամ եզրակացությունը վերաբերում է հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանին: Էթիկայի հանձնաժողովը դեկտեմբերի 1-ին որոշել է, որ պատգամավորը խախտել է էթիկայի նորմերը:
Որոշումը կայացվել է Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար դիմումը քննության առնելուց հետո: Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դիմել էր հանձնաժողովին ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի սպառնալիքի կապակցությամբ: Պատգամավորը, հիշեցնենք, սպառնացել էր հնարավորության դեպքում «գլխատել» բոլոր նրանց, ովքեր համարձակվել էին մամուլում բացասաբար արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ու նրա կնոջ մասին:
Յուրահատուկն այս անգամ նաև այն է, որ Առաքել Մովսիսյանի նկատմամբ արդեն երկրորդ որոշումն է կայացվում: Էթիկայի հանձնաժողովի՝ մինչ այժմ կայացրած սակավաթիվ որոշումներից երկուսն արդեն բաժին են հասնում այս պատգամավորին: Նախորդ անգամ նա կրկին իր արտահայտությունների համար էր էթիկայի հանձնաժողովի տեսադաշտում հայտնվել, 2 տարի առաջ պարզապես նրա վիրավորական դիտարկումները բաժին էին հասել լրագրողներին:
+++
Առաջիկա քառօրյայի օրակարգում նաև 2016 թվականի բյուջեի նախագծի քվեարկությունն է: Քննարկումը տեղի է ունեցել նախորդ քառօրյայի ընթացքում, երկուշաբթի մեկնարկելիք քառօրյայում սպասվում է փաստաթղթի քվեարկությունը: Բայց մինչ այդ կառավարության ներկայացուցիչը պատգամավորներին կներկայացնի, թե գործադիրը խորհրդարանի որ առաջարկներն է ընդունելի համարել: Բյուջեի վերաբերյալ խորհրդարանական խմբակցություններն արդեն ներկայացրել են իրենց դիրքորոշումները: ՀԱԿ-ը, Ժառանգությունը, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն հայտարարել են , որ դեմ են քվեարկելու, ՀՀԿ-ն կողմ է բյուջեն: ԲՀԿ-ն միակ խմբակցությունն է, որ առայժմ չի բացահայտել իր դիրքորոշումը:
+++
Քառօրյայի ընթացում պատգամավորները կքննարկեն Վերահսկիչ պալատի 2016 թվականի
տարեկան գործունեության ծրագիրը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի վերջին նիստում դրական եզրակացությամբ այն ընդգրկվեց քառօրյայի օրակարգ: ՎՊ նախագահի տեղակալ Լևոն Յոլյանի տեղեկացմամբ՝ ծրագիրը կազմելիս թեմաներն ընտրվել են ըստ բյուջետային ծրագրերի՝ հաշվի առնելով առավել ռիսկայիններն ու կարևորները: ՎՊ ծրագրերն ու հաշվետվություններն ավանդաբար խորհրդարանում բուռն քննարկումների առիթ են դառնում, սակայն վերջին տարիներին քննարկվող թեմաներին ավելացել է ևս մեկը՝ ինչու փաստաթուղթը խորհրդարանում չի ներկայացնում ՎՊ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: 2013-ի աղմկահարույց հաշվետվությունից հետո, երբ խոսվեց բյուջետային մեծ չարաշահումների ու խախտումների մասին, որոնք այդպես էլ ընթացք չստացան, Իշխան Զաքարյանը խորհրդարանում ավելի հազվադեպ է լինում: Հաշվետվություններն ու ծրագրերը ներկայացնում են տեղակալները, իսկ ընդդիմությունը համառորեն հետաքրքվում է՝ ուր է Իշխան Զաքարյանը: Կհնչի այս հարցը թե ոչ՝ կիմանանք հաջորդ քառօրյայի ընթացքում: Մնում է նաև, որ ԱԺ-ն մոռացության չմատնի այս փաստաթղթի քվեարկությունը, ինչպես վարվեց անցյալ տարի. 2015-ի տարեկան ծրագիրը քննարկվեց, բայց քվեարկությունը կազմակերպվեց արդեն 2015-ի փետրվարին՝ 2014-ի դեկտեմբերի փոխարեն, ինչպես պահանջում է ԱԺ կանոնակարգը:
+++
Եվ վերջապես դեկտեմբերի 7-ի քառօրյան թեև վերջինն է աշնանային նստաշրջանի ընթացքում, բայց նաև առաջինն է դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեից հետո և կգումարվի հենց այն ժամանակ, երբ նոր-նոր հայտնի կլինեն հանրաքվեի նախնական արդյունքերը: Թե հետընտրական ինչ տրամադրություններ կիշխեն նիստերի դահլիճում, կախված է հնարաքվեի արդյունքից:




