
Նկարները՝ Աիդա Ավետիսյայի եւ Ֆոտոլուրի

2014 թվականի սեպտեմբերին Մատենադարանը համաձայնագիր է կնքել Գերմանիայում բնակվող Սևրուգյանների ժառանգորդ Էմանուել Սևրուգյանի հետ, որի համաձայն էլ միջազգային ճանաչում վայելող իրանահայ հայր և որդի արվեստագետներ՝ լուսանկարիչ Անթուան խան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի լուսանկարչական ու գեղանկարչական շուրջ 100 աշխատանք նվիրաբերվել է Մատենադարանին: Այսօր էլ կայացել է այդ նկարների անդրանիկ ցուցահանդեսը:
Մատենադարանը հարստացել է բացառիկ արժեք ներկայացնող արվեստի գործերով՝ իրանահայ հայր և որդի արվեստագետներ՝ լուսանկարիչ Անթուան խան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի լուսանկարչական ու գեղանկարչական աշխատանքներով, որոնք նրանց ժառանգորդ գերմանաբնակ Էմանուել Սևրուգյանը նվիրաբերել է հայկական հին ձեռագրերի պահոց Մատենադարանին:
Աշխարհի հեղինակավոր թանգարաններում են պահվում այս արվեստագետների նկարները, սակայն Հայաստանում նրանց նկարների ցուցահանդեսը կազմակերպվում է առաջին անգամ: Դեռևս 2005 թվականին է եղել նվիրատվության մտադրությունը, երբ նախնիների հայ լինելու փաստը հաստատելու համար առաջին անգամ ժամանել է Հայաստան, սակայն տարբեր մշակութային օջախների են դիմել ու մերժվել: Միայն Մատենադարանն էր, որ նվիրատվությունն ընդունեց մեծ ուրախությամբ, ասում է Էմանուել Սևրուգյանը:
«Իմ փափագն էր, որ այն նկարները, որոնց մի ման իմ մոտ էր, ներկայացվեր Հայաստանում, որովհետև այստեղ չկար ոչինչ, իսկ արտասահմանում շատ են նրանց նկարները: Այդ պատճառով ես որոշեցի, որ տեղափոխվի Մատենադարան»:
Ծննդով Իրանից Իվետ Թաջարյանը, ով արդեն 20 տարի է զբաղվում է այս երկու արվեստագետների արվեստի ուսումնասիրմամբ, նշեց, որ Պարսկաստանի թանգարաններից մեկում, երբ 2002 թվականին կազմակերպվել է ցուցահանդես, առաջարկություն է եղել այդ ցուցասրահը կոչել արվեստագետների անվամբ, սակայն հավելեց, որ առաջարկը չեն ընդունել, քանի որ Պարսկաստանն իրենց նպատակը չէր, այլ Հայաստանն էր:
Գեղանկարիչ Անդրե Սևրուգյանը պարսկական կերպարվեստում նորարարություն ներմուծած նկարիչների սերնդին է պատկանում: Նրա նկարների թեմաները հիմնականում վերցված են միջնադարյան հռչակավոր պարսիկ բանաստեղծներ՝ Ֆիրդուսու, Խայամի, Հաֆեզի, Բաբա Թահերի, ինչպես նաև հայ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի ստեղծագործություններից, որոնցից մի քանիսն էլ ընդգրկված են Մատենադարանին նվիրաբերած նկարներում:
Պալատական լուսանկարիչ Անթուան խան Սևրուգինն իր դիմանկարների համար դարձել է Նաս եր էլ Դին շահի անձնական լուսանկարիչը և նույնիսկ հարեմից ունի լուսանկարներ: Հարուստ և շքեղ ցուցադրությունների բացման առթիվ շնորհավորեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանն ու Մատենադարանին նվիրաբերած արժեքավոր նյութի համար Էմանուել Սևրուգյանին պարգևատրեց Մեսրոպ Մաշտոցի անվան հուշամեդալով:




