Դեկտեմբերի 5-ին տեղի կունենա Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի եզրափակիչ համերգը, որի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա «Խաչատրյանը եւ ջազը» համերգային բացառիկ նախագծով: Առաջին անգամ նվագախումբը, Հայաստանի պետական ջազ նվագախմբի գործիքավորմամբ, կներկայացնի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Ներկայացնելով Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը՝ կազմակերպիչներն անդրադարձել են նաև եզրափակիչ համերգի առանձնահատկություններին և հայտնել, որ համերգի տոմսերն արդեն իսկ սպառվել են:
Հոկտեմբերի 3-ից Երևանում անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը: Այն սիրված ու սպասված իրադարձություն է դարձել մեր երաժշտական կյանքում: Խաչատրյանական փառատոնը մեծ ճանաչում ունի նաև երկրի սահմաններից դուրս: Երաժշտական տոնն այս տարի կրում է «Կյանքիս մեծագույն սերը, հայրենիք» խորագիրը:
Փառատոնն ունի հստակ ձևաչափ՝ ամեն չորեքշաբթի՝ կամերային, ամեն շաբաթ օր՝ սիմֆոնիկ համերգներ: Փառատոնային ծրագրի շրջանակներում ներկայացվել են նաև Խաչատրյանի «Գայանե» և «Սպարտակ» բալետները: Փառատոնը, որը հիմնադրվել է Խաչատրյանի 110-ամյակի առթիվ, կարևոր է ոչ միայն մեր մշակութային կյանքում, այլև ունի միջազգային նշանակություն:
Խաչատրյանի ստեղծագործությունները կատարում են անվանի երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից՝ ներկայացնելով փառատոնը նշեց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը: Փառատոնն իսկապես դարձել է միջազգային, իր հերթին նկատեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ նշելով, որ լավագույն կոլեկտիվները պարզապես հիացած են մեկնում Հայաստանից:
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի «Խաչատրյանը և ջազը» բացառիկ համերգային նախագիծը: Առաջին անգամ նվագախումբը, Հայաստանի պետական ջազ նվագախմբի գործիքավորմամբ, կներկայացնի Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, նշեց Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Արմեն Հյուսնունցը։
Ի դեպ՝ այս նախագծին երաժշտասերները սպասում էին դեռևս փառատոնի մեկնարկային օրվանից: Իսկ դրա վառ ապացույցը վաճառվող տոմսերն են, որոնք այլևս չեն վաճառվում, քանի որ սպառվել են դեռևս մի քանի օր առաջ:
Նշենք, որ համերգը նվիրվում է հայտնի դաշնակահար Լևոն Մալխասյանի ծննդյան 70-ամյակին: Երեկոյի ընթացքում հանդես կգա նաև հոբելյարը: Ծրագրում կհնչեն Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետների, ինչպես նաև «Դիմակահանդես» դրամայի երաժշտության ջազային մշակումները: