
տեղադրվել է ժամը 17։50- ին
լրացվել է ժամը 19։01- ին
Սիրանուշ Ղազանչյան
«Ռադիոլուր»
Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր որոշեց պատգամավոր Վալերի Բուայեի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագիծն ուղարկել արդարադատության հանձնաժողով։ Քվեարկությանը մասնակցած 38 պատգամավորներից 26ը կողմ են քվեարկել այս որոշմանը, 12ը` դեմ:
ՌոնԱլպի տարածաշրջանային խորհրդարանի անդամ Հիլդա Չոբոյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ նման որոշման պատճառն այն էր, որ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ փաստաթուղթն ավելի հստակեցնելու համար։
Չոբոյանն ասաց, որ Վալերի Բուայեն ընդդիմադիր պատգամավոր է։ Խորտրդարանի սոցիալիստական մեծամասնությունը քննարկման ժամանակ հայտարարել է, որ առաջարկը խորհրդարան է ներկայացվել ոչ պատշաճ պահի եւ պետք է այն լրամշակվի, որպեսզի չմերժվի Սահմանադրական խորհրդի կողմից։
Հայ գործիչը նաեւ ներկայացրեց նման որոշման այլ պատճառ, որը կապված է Ֆրանսիայի ներքին քաղաքական կյանքի հետ։ Հաջորդ կիրակի Ֆրանսիայում սպասվում են տեղական ընտրություններ, ուստի եւ ձախերը, եւ աջերը փորձում են միմյանց թույլ չտալ, արդարացնելով հայերի սպասելիքները, հավելյալ քվեներ ապահովել։
Քննարկմանը մասնակցած ու ելույթ ունեցած պատգամավորների մեծամասնությունը կողմ էր հանդես գալիս, որ Ֆրանսիան ունենա օրենք, որով պատիժ կսահմանվի Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ, սակայն վերջնական որոշում կայացվեց նախագիծն ուղարկել հատուկ հանձնաժողով:
2013 թվականի հունվարին Բուայեի պատրաստած նախագիծը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն սահմանադրությանը հակասող էր ճանաչել:




