

Կրեմլի Գեորգիևյան պալատում Դաշնության ժողովին այսօր ամենամյա ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահը: Ելույթից առաջ Վլադիմիր Պուտինն ու Ռուսաստանի բարձրաստիճան վերնախավը մեկ րոպե լռությամբ հարգել են Սիրիայի տարածքում հակաահաբեկչական գործողություն ընթացքում զոհված օդաչուների հիշատակը: Միջոցառմանը ներկա էին նաև Սիրիայում Ռուսաստանի հակաահաբեկչական գործողությանը մասնակցող ռազմական օդաչուները, թուրքական օդուժի կողմից խոցված ինքնաթիռի և սիրիացի ահաբեչիչների կողմից զոհված ուղղաթիռի օդաչուների հարազատները: Պուտինը հարգանքի և երախտիքի խոսքեր է հնչեցրել նրանց հասցերին, շնորհակալություն հայտնել միջազգային ահաբեկչության դեմ պայքարող ռուս զինծառայողներին:
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները դեռևս շատ են զղջալու Су-24- ը խոցելու համար: «Ալլահը որոշել է պատժել Թուրքիայի իշխող կլանին՝ նրան զրկելու բանականությունից եւ դատելու ունակությունից»,- խոսելով Անկարայի գործողություններից՝ ասել է Վլադիմիր Պուտինը: Նա հայտարարել է, որ Մոսկվան պետք է կարողանա խուսափել Թուրքիայի գործողություններին վտանգավոր հիսթերիկ արձագանքից: «Մենք չենք պատրաստվում սուր ճոճել»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Միաժամանակ՝ Ռուսաստանի նախագհն ընդգծել է. թուրք ժողովուրդը պետք է իմանա՝ Մոսկվան հավասարության նշան չի դնում թուրք ժողովրդի և Անկարայի իշխող վերնախավի միջև: «Թուրք ժողովուրդը բարի է, տաղանդավոր և աշխատասեր, այդ երկրում մենք բազմաթիվ վստահելի բարեկամներ ունենք»,- ընդգծել է Պուտինը՝ միաժամանակ նշելով, որ Ռուսաստանը երբեք չի ների ահաբեկիչներին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Դա դավաճանությունը է և ամոթալի արարք, ասել է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրին սպառնացող հիմնական վտանգն է համարել Սիրիայում կռվող զինյալներին, որոնց թվում ՌԴ-ից ու ԱՊՀ-ից մեկնածներ կան: «Նրանք գումար, զենք են ստանում, ուժեր կուտակում և, եթե հաղթեն այնտեղ, ապա անխուսափելիորեն կհայտնվեն մեզ մոտ, որպեսզի վախ ու ատելություն սփռեն, պայթեցնեն, սպանեն, տանջեն մարդկանց»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ իրենք պարտավոր են նրանց ոչնչացնել հեռվում:
Պուտինը հավելել է, որ հենց այդ պատճառով էլ որոշում է կայացվել Սիրիայում օդային գործողություն սկսել։ Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ մինչև 2020 թ. իր երկիրը պետք է դառնա ինքնաբավ, կարողնա ապահովել սպառողին հայրենական արտադրության սննդամթերքով, ավելին՝ դառնա աշխարհում որակյալ սննդի խոշորագույն մատակարար:




