Մշակույթ

Այսօր Սերո Խանզադյանի ծննդյան 100- ամյակն է. գրող, որին անվանում էին քայլող պատմություն

aidaavetisyan

Այսօր լրանում է  հայ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս  Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյակը:  Կոմիտասի անվան պանթեոնում այսօր նրա շիրիմի մոտ  հարգանքի տուրք էին նրա գրականությունը գնահատողները, մտերիմներն ու գրչակից ընկերները:

 

1915 թվականի այս օրը Գորիսում ծնվել է հայ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս, բազում մրցանակների դափնեկիր Սերո Խանզադյանը: Գրական առաջին քայլերը կատարել է 1934 թվականին, երբ «Կարմիր Զանգեզուր» թերթում լույս է տեսել նրա առաջին պատմվածքը՝ «Չոր տափը»։ Այն ճանապարհ է բացել գրողի հետագա  գործունեության համար:

Այսօր Խանզադյանի գրչակից  ընկերները նրա ստեղծագործություններն առանձնացնում են  տոհմիկ ազգային նկարագրի իմացությամբ: Նրա «Մխիթար Սպարապետ», «Հայերենապատում», «Հողը», «Թագուհին հայոց», «Անդրանիկ»  վեպերով եւ  հրապարակախոսական հոդվածներով ու պատմվածքներով դաստիարակվել են սերունդներ:

Սերո Խանզադյանի գործերը ներկայացնում են հայ ժողովրդի պայքարի ոգին, հաղթանակի դժվարին ճանապարհը: Սերո Խանզադյանը նաեւ արցախյան ազատամարտի մասին տասնյակ հոդվածների հեղինակ է։ «Սերո Խանզադյանը քայլող պատմություն է: Մեր ժողովրդի քայլող պատմությունը: Այդ պատմության թռիչքների ու գահավիժումների, ողբերգությունների ու հանդիսությունների, նրա աստեղային ժամերի և ասուպային վայրեջքների քաջահմուտ տարերքն ու վկան»,- այսօր Համո Սահյանի խոսքերն էր հիշում  Գրողների միության նախագահ Էդուրադ Միլիտոնյանը։

Նա արձակագրի մասին բազում հիշողություններ ունի, որոնք էլ այսօր կիսեց  լրագրողների հետ: Հիշում է՝ Գրողների միության  իր երաշխավորագիրը  գրել  է Սերո Խանզադյանը, բազում ճանապարհորդությունների միասին են մեկնել,  հումորով համեմված նրա խոսքի հետ  ոչինչ չես փոխի ասում է: «Ամենամեծ խրատը, որ տվել է. նախ ասել է պետք է լինես ազնիվ, արդարախոս, ճշտապահանջ, աշխատասեր»:

Հայաստանը պայծառ  տեսնելու գործում միշտ առաջամարտիկ  արձակագրից հիշողությունները չեն խունացել նաև գրող Դավիթ Գասպարյանի մտապատկերում:   1988 թվականին, երբ  սկսել է գրել «Փակ դռների  գաղտնիքը»  հոդվածաշարը, Սերո Խանզադյանը եղել է նրա միակ խորհրդատուն  և գոտեպնդողը: Ասում է շատ էր հետաքրքրվում Ակսել Բակունցի հուշերով, որոնց մասին էլ անդրադարձել է իր հուշապատումներում:

Կարդացեք նաև

Back to top button