Ցեղասպանություն 100Քաղաքական

Եվրոպայի կանաչների կուսակցությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

sonahakobyan

Լիոնում նոյեմբերի 13-15-ը տեղի է ունեցել Եվրոպայի կանաչների կուսակցության համաժողովը: Համաժողովում Եվրոպայի կանաչների կուսակցության ներկայացուցիչները ընդունել են հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւ: Բանաձևում Թուրքիային կոչ է արվում ընդունել հայոց ցեղասպանությունը, ներկայացնելով Եվրոպայի կանաչների կուսակցության դիրքորոշումը այսօր հայտնել է Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը:

 

Նշելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ Եվրոպայի կանաչների կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին և կոչ անում հասնել պատմական արդարության վերականգնմանը: Ներկայացնեկով Լիոնում օրեր առաջ տեղի ունեցած Եվրոպայի կանաչների կուսակցության համաժողովի ընդունած բանաձևը՝ Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը նշեց, որ Եվրոպայի կանաչների կուսակցությունը ընդունում է 1915-23 թթ Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը և իր զորակցությունն է հայտնում պատմական արդարության վերականման հարցում:

Ցեղասպանության ճանաչման կոչերով և պահանջով է հանդես եկել նաև Թուրքիայի կանաչների կուսակցությունը: Ներկայացնելով թուրք գործընկերների դիրքորոշումը՝ Արմենակ Դովլաթյանը նկատեց, որ Եվրոպայի կանաչների կուսակցությունում առաջիններից մեկը հենց Թուրքիայի կանաչների կուսակցությունն էր, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Նկատելով, որ այս բանաձևի ընդունումը բավականին լուրջ ձեռքբերում է ցեղասպանության ճանաչման գործում, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահը նշեց, որ բանաձևի ընդունումն ունի համամարդկային բնույթ: Սրանով կանաչները կոչ են անում հարգել սեփական պատմություն, մշակույթ և ինքնություն ունենալու յուրաքանչյուրի իրավունքը:

Back to top button