

Այս տարվա սկզբից առողջապահության նախարարությունն իրականացնում է ոչ վարակիչ հիվանդությունների՝ սրտանոթային, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման ուղղված սկրինինգ ծրագրեր, որոնց նպատակն է հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը: Ըստ ԱՆ ուռուցքաբանության ազգային ինստիտուտի 2010 թ. տվյալների` արգանդի վզիկի քաղցկեղի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Շիրակում` 25,6 տոկոս, Արմավիրում` 24,2 և Կոտայքում` 23,3: Ցուցանիշները բարձր են եղել նաև Գեղարքունիքում` 17,6 տոկոս, Լոռու մարզում և Սյունիքում` 16,1: Ծրագրի շրջանակներում իրականացվող հետազոտությունները ֆինանսավորվում են Համաշխարհային բանկի կողմից և բնակչության համար անվճար են:
Եթե շաքարային դիաբետի ու զարկերակային ճնշման դեպքում հիվանդությունը ախտանիշներ ունի,ապա քաղցկեղի պարագայում չկա որևէ ախտանիշ։ Արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգ ծրագրի հետ կապված ոլորտի մասնագետները նշում են, որ Հայաստանում կանայք դժվարությամբ են գնում հետազոտման, այն դեպքում, երբ հիվանդացությունը բավականին բարձր տոկոս է կազմում երկրում: Մասնագետները նշում են, որ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման դեպքում հիվանդության բուժման արդյունավետությունը ավելի մեծ, ու այն կարող են հայտնաբերել սկրինգների միջոցով:
Քաղցկեղի այս տեսակը զարգանում է շատ դանդաղ` 5-10 տարվա ընթացքում, ինչին նախորդում են նախաքաղցկեղային վիճակները, որոնք սկրինինգների միջոցով հնարավոր է հայտնաբերել և ժամանակին բուժելով կանխել։ Ըստ ուռուցքաբանության ազգային կենտրոնի՝ արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերի 57%-ը գրանցվում է հիվանդության զարգացման 3-4-րդ փուլերում:
Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի ընտանեկան բժշկության զարգացման բաղադրիչի համակարգող Երվանդ Էլիբեկյանը նշում է, որ հունվարից մինչև սեպտեմբեր հետազոտվել է 33.500 կին, որոնցից 6 տոկոսի մոտ հայտնաբերվել են բջջաբանական շեղումներ,որը չի նշանակում քաղցկեղի հայտանաբերում:
Արգանդի վզիկի քաղցկեղի առումով խոցելի են սեռական կյանքով ապրող բոլոր կանայք, հատկապես` 30-60 տարիքային խումբը, ովքեր կլինիկական նշանների բացակայության պայմաններում գործնականում կարող են իրենց առողջ զգալ: Հետևաբար` կառավարության կողմից իրականացվող սկրինինգային ծրագրեը իրականացվում են հենց այս տարիքային խմբում:
Գեղարքունիքի մարզի առողջապահական ոլորտի մասնագետները նշում են, որ իրենց մարզում արգանդի վզիկի քաղցկեղի բարձր ցուցանիշը կապված է մարզից արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց մեծ թվի հետ։ Գավառի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Վազգանուշ Հովհաննիսյանը նշում է, որ տղամարդիկ սեռավարակներով վերադառնում են, չեն գնում ստուգման, արդյունքում՝ հիվանդանում են և իրենք և իրենց կանայք:
Գավառի պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Չիչոյանն էլ վիճակագրությունը վկայակոչելով նշում է, երբ տղամարդիկ վերադառնում են արտագնա աշխատանքից, իրենց մոտ սեռավարակների պիկ է գրանցվում:
Չիչոյանն ասում, որ կնոջը պետք է հասկանալի ու մատչելի ձևով բացատրել, որ ՊԱՊ թեստի ստուգումը անհրաժեշտ է ու բխում է իր առողջության շահերից, այլապես երբ կինը լսում է քաղցկեղ անունը, խուճապի է մատնվում: Գավառի պոլիկլինիկայի գինեկոլոգ սոնոգրաֆիստ Մարինե Մարտիրոսյանն էլ նկատում է, որ սկզբում կանանց պարտադրելով են բերել, հիմա պատկերը այլ է, սկսել են այցելել: Մոտ 30 հոգու մոտ հայտաբերվել են արգանդի պարանոցի պոլիպներ, ինչը սեռավարակաների, չհետևելու, չհետազոտվելու արդյունք է: իսկ Մարտունու բժշկական կենտրոնի տեղամասային թերապևտ Անուշիկ Հայրոյանը նշում է, որ կանայք շարունակում են անգամ իրազեկվելուց հետո չդիմել բժշկի:
Ըստ ԱՆ ուռուցքաբանության ազգային ինստիտուտի 2010 թ. տվյալների` արգանդի վզիկի քաղցկեղի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Շիրակում` 25,6 տոկոս, Արմավիրում` 24,2 և Կոտայքում` 23,3: Ցուցանիշները բարձր են եղել նաև Գեղարքունիքում` 17,6 տոկոս, Լոռու մարզում և Սյունիքում` 16,1: Ծրագրի շրջանակներում իրականացվող հետազոտությունները ֆինանսավորվում են Համաշխարհային բանկի կողմից և բնակչության համար անվճար են:




