Միջազգային

Մոսկվան մեղադրում է Թուրքիային, Անկարան՝ Ասադին

marlenahovsepyan

Պուտինն սպասում է ներողության խոսքեր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան այդպես էլ չլսեց Թուրքիայի իշխանությունից ներողության խոսքեր, կամ էլ հանցագործներին պատժելու խոստումներ: Ռուս-թուրքական հարաբերությունների վերջին սրացմանը Պուտինն անդրադարձել է Կրեմլում  օտարերկրյա 15 դիվանագետներից հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ: «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի իշխանությունները միտումնավոր են Մոսկվայի հետ հարաբերությունները տանում փակուղի, ցավում ենք դրա համար»,- ասել է Ռուսաստանի նախագահը: Պուտինն ընդգծել է, որ անբացատրելի է համարում դավաճանություն հիշեցնող հարվածները այն երկրներից, որոնց համարում էր գործընկեր ահաբեկչության դեմ պայքարում:

«Ռուսական Су-24-ի հետ տեղի ունեցած հակասում է միջազգային իրավունքի նորմերին»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Էրդողանն Ասադին մեղադրում է ԻՊ- ին ֆինանսավորելու մեջ
Ռեջեբ Թաիփ Էրդողանն այսօր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրել է «Իսլամական պետությանն» ու նրա աջակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ: «Թուրքիան կշարունակի սատարել Սիրիայի չափավոր ընդդիմությանն ու սիրիացի թուրքմենների խմբավորումներին, որոնք պայքարում են Ասադի դեմ»,- «Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի նախագահը:

Նա վստահեցրել է, թե Անկարան «Իսլամական պետությունից» նավթ չի գնում:«Բոլորին հայտնի է, որ մենք էներգակիրներ ձեռք ենք բերում հիմնականում Ռուսաստանից, նաև Իրանից, Ադրբեջանից, Հյուսիսային  Իրաքից: Թող ապացուցեն, որ մենք «Իսլամական պետությունից» զենք ենք գնել»,- ասել է Էրդողանը:

Մոսկվան Անկարային սպառնում է ռազմական, դիվանագիտական և տնտեսական գործողություններով
«Ռուսաստանը Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Су-24-ի կործանումը համարում է ագրեսիայի գործողություն: Ի պատասխան` Մոսկվան կձեռնարկի ռազմական, դիվանագիտական և տնտեսական բնույթի գործողություններ»,- հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Դա անշուշտ ագրեսիա էր մեր երկրի դեմ Թուրքիայի կողմից, որը մեր հարևանն է և Հյուսիսատլանստյան դաշինքի անդամ»,- ասել է Մեդվեդևը՝ Ռուսաստանի կառավարության նիստի ժամանակ: Նա նշել է, որ ռուսական կողմի պատասխան քայլերը կներառվեն մեկ նորմատիվային ակտի մեջ: «Ամենայն հավանականությամբ՝ նախագահի հրամանի հիման վրա կընդունվի կառավարության համապատասխան որոշում»,- ասել է Մեդվեդևը:

Back to top button