

1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 25-ը հայտարարել է Կանանց դեմ բռնության վերացման պայքարի միջազգային օր: ՄԱԿ-ն առաջարկել էր կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնք հասարակության ուշադրությունը կսևեռեն այս խնդրի վրա: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ամեն տարի իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ ընդդեմ գենդերային բռնության: Կոալիցիան այս տարի ևս կկազմակերպի քայլերթ, որը կմեկնարկի վաղը Մերգելյան ինստիտուտի հարակից այգուց դեպի Հանրապետության հրապարակ: Մինչ այդ կոալիցիայի անդամ կազմակերպությունների ն երկայացուցիչները ներկայացրել են կանանց հանդեպ բռնության վիճակագրությունը, աճի միտումները և հիշեցրել ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի մասին, որն այսպես էլ չի ընդունվել:
Եթե ոստիկանության տվյալներով 2015 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում արձանագրվել է ընտանեկան բռնության 517 դեպք, ապա «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան այդ ժամանակահատվածում ստացել է 2000 ահազանգ, որոնց մեծ մասը վերաբերել է կանանց հանդեպ բռնությանը:
Ներկայացնելով 9 ամիսների տվյալները՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հկ սոցիալական աշխատող Աննա Հովհաննիսյանը նկատեց, որ այդ թիվը տարեց տարի աճում է, ինչը, սակայն, ոչ միայն դեպքերի ավելացմամբ է պայմանավորված, այլև հասարակության իրազեկվածության բարձրացմամբ: Կոալիցիայի թեժ գծին զանգում են ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից՝ մասնավորապես Գեղարքունիքի, Արմավիրի և Լոռու մարզից։
Հիմնականում զանգահարում են 25-40 տարեկան կանայք: Դիմում են ոչ թե մեկ անգամ բռնության ենթարկվածները, այլ այն կանայք, ովքեր պարբերաբար են ենթարկվում բռնության և այլևս չեն կարող հանդուրժել բռնության մթնոլորտը: Բռնությունները, ի դեպ, լինում են ինչպես ֆիզիկական և սեռական, այնպես էլ հոգեբանական, նշեց հոգեբան Լիլիթ Հայրապետյանը: Նրա տեղեկացմամբ՝ զանգերում հիմնականում գերակշռում է բռնությունների 3-րդ տեսակը՝ հոգեբանականը:
Սեռական բռնության դեպքերի ահազանգերը ամենաքիչն են ոչ թե դեպքերով պայմանավորված, այլ պարզապես կարծրատիպերով պայմանավորված, ամուսնական զույգերի դեպքում սեռական բռնությունը հաճախ դիտարկվում է ոչ թե բռնություն, այլ ամուսնական պարտավորություն: «Հաճախ ՀԿ-ներին մեղադրում են ընտանիք քանդելու մեջ, բայց հաշվի չեն առնում, որ չենք կարող քանդել մի բան, ինչն արդեն կազմալուծված է և քանդված»,- ասում է հոգեբանը։
Ինչ վերաբերում է ահազանգերից հետո «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի գործողություններին, ապա ներկայացուցիչները բռնության զոհերին առաջին հերթին հորդորում են դինել ոստիկանությանը, եթե բռնության ենթարկվածները ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են, նոր նրանց հետ աշխատում են կազմակերպությունների մասնագետները և հարկ եղած դեպքում անգամ տրամադրում ապաստան:
Իհարկե՝ Աննա Հովհաննիսյանը նկատում է, որ պետք է լինեն նաև պետական ապաստարաններ բռնության ենթարկված կանանց համար, սակայն ընտանեկան բռնության մասին օրենքի բացակայությամբ պայմանավորված նման ապաստարաններ չկան: «Մենք արդեն մի քանի տարի է շատ ակտիվ լոբբիստական աշխատանք ենք իրականացնում ընտանեկան բռնության օրենքի ընդունման հետ կապված, որովհետև այսօր ունենք շատ մեծ խնդիր: Եթե Քր.օրենսգրքի շրջանակներում դեպքը չի դիտարկվում, այսինքն՝ եթե չկան մարմնական լուրջ վնասվածքներ, չկա պաշտպանության ոչ մի մեխանիզմ: Այսինքն՝ չկա այն օրենքը, որը կարող է օրինակ սահմանել, որ ամուսինը այսքան մետրից ավել չի կարող մոտենալ կնոջը և այլն»:
Նշենք, որ կոալիցիան օրենսդրական համապատասխան նախաձեռնությունը ներկայացրել է դեռևս 2013 թվականի հունվարին: Նախագիծը միանգամից մերժվել է՝ որակվելով հակասահմանադրական:




