Քաղաքական

«Այո», թե՞ «Ոչ». բանավեճը շարունակվում է

lusinevasilyan

Ինչու «այո» և ինչու «ոչ»  սահմանադրական բանավեճը շարունակում է: Այսօր թեմայի շուրջ կրկին տարբեր, նաև իրարամերժ տեսակետեր են հնչել. քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ փորձել են նոր փաստարկներով հիմնավորել իրենց դիրքորոշումները, նաև ամփոփել  տպավորությունները հանրության հետ հանդիպումներից: Ի դեպ՝ «Ոչ»-ի ուժերը հասարակության մեջ ավելի շատ իրենց տեսակետի կողմնակիցներ են տեսնում, «Այո»-ի ճակատը հակառակ պնդումն է անում՝ գործընթացին դեմ ուժերն ավելի քիչ են, քան «Այո»- ի կողմակիցները:

 

Հասարակությունը կարող է ոչ միայն գնալ ընտրատեղամաս և ոչ ասել, այլև ընդհանրապես չգնալ՝ սա «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հորդորն է ընտրողներին: «Ժառանգությունը», հիշեցնեմ, Հիմնադիր խորհրդարանի և մի քանի այլ ուժերի հետ Փրկության ճակատ է ձևավորել և համոզված «Ոչ» է քարոզում:

Ժողովրդի հետ հանդիպումներն արդարացրել են Արմեն Մարտիրոսյանի կանխատեսումը։ Մարդիկ դեմ են բարեփոխոմներին թեկուզ միայն այն պատճառով, որ սա իշխանությունների նախաձեռնությունն է։ «Մինչև այս դժգոհում էին, արտագաղթում էին, հիմա այդ վերաբերմունքն արտահայտելու են կամ տեղամաս չգնալով, կամ ոչ ասելով»:

Լսելով այս պնդումը՝ հանրապետական Տաճատ Վարդապետյանը մեկ անգամ ևս համոզվում է. ընդդիմության առարկությունները վերաբերում են ոչ թե  փաստաթղթի բովանդակությանը, այլ հացին, թե ով է գործընթացը կազմակերպել: Հիմնավորումը, թե սա իշխանության նախաձեռնությունն է և այդ պատճառով էլ անընդունելի, Վարդապետյանին թույլ է թվում:

Իսկ իր շփումները հանրության հետ բոլորովին հակառակ պատկերն են բացահայտել: «Իմ տպավրությունները տրամագծորեն հակառակն են ցույց տալիս: Ես կարծում եմ, որ «Այո»-ի կողմնակիցները 1.5 անգամ ավելի շատ են»:

Հանրապետական պատգամավորը կարծում է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կարևոր նախադրյալ է երկրի զարգացման համար, համոզված է, որ կառավարման խորհրդարանական համակարգն ավելի առաջադեմ է, քան՝ գործողը: Արմեն Մարտիրոսյանը այլ թեզեր է ներկայացնում: Նա կարծում է, որ ընդունվելու դեպքում նոր Սահմանադրությունը քաղաքական համակարգի խորը հետքայլ է արձանգրելու: Առաջին օրինակը նորից 89-րդ հոդվածն է ՝ կայուն մեծամասնսւթյան մասին դրույթը:

«Մենք եղել և մնում ենք պառլամենտական համակարգի կողմնակից: Բայց սա պառլամենտական համակարգ չէ, սա միակուսկացական համակարգ է:  ԽՍՊՄ սահմանադրության  6-րդ հոդվածին փոխարինում է նախագծի 89-րդ հոդվածը»,- ասում է նա։

Փորձելով փարատել  միակուսակցական համակարգի մասին ընդդիմության մտավախությունները ՝ Տաճատ Վարդապետյանը նախորդ  ընտրություններն է մատնանշում՝ հիշեցնելով, որ երբևէ որևէ կուսակցություն 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել:  Հաջորդ ընտրությունների համար  պատգամավորն իր կանխատեսումն ունի: «Չեմ կարծում, որ հաջորդ ընտրություններին ՀՀԿ- ն 40 տոկոսից ավելի ձայն հավաքի: Այնպես որ սա ընդդիմության համար կոնսոլիդացիայի լավ հնարավորություն է»:

Տաճատ Վարդապետյանը խոսում է նաև քաղաքական դաշտում հանդուրժողականությունն ու փոխգործակցությունը կայացնելու անհրաժեշտության մասին  և հենց այդ դիրքերից էլ փորձում է դիտարկել   Փրկության ճակատի՝ դեկտեմբերի 1-ից հրապարակ դուրս գալու որոշումը: «Ես կարծում  եմ,  որ ամեն ինչ նորմալ է ընթանալու: Այս գործընթացը պետք է հաշտության հանդուրժողոկանության եզրեր ունենա, և ինչու ոչ, նորից մոմավառությամբ ավարտվի»:

Մյուս բանավեճի մասնակիցները ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու ՀՀԿ- ական պատգամավոր Արտակ Դավթյանն էին: Թեման կրկին սահմանադրական փոփոխությունները: «Ոչ»-ի հիմնավորումներն այս բանավեճում Պարույր Հայրիկյանինն են, բայց նրա հիմնական առարկությունը վերաբերում է  ոչ թե բովանդակային հարցերին, այլ՝ ընթացակարգին:

Հայրիկյանը համոզված է, որ փոփոխությունները նախաձենելու, մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, նախագիծը կազմելու, առաջարկները քննարկելու   գործընթացը խախտումներով է ընթացել: ԱԻՄ-ի հեղինակած փաթեթը , մասնավորապես, պատշաճ քննարկման չի արժանացել: «Չի կարելի այդ ճանապարհով գնալ. Սահմանադրության խախտմամբ գնալ սահմանադրական բերեփոխումների»:

Հայրիկյանը մեկ այլ դիտարկում էլ է անում. ՀՀԿ-ն այսօր այնքան ջերմեռանդ է մատնանշում գործող Սահմանադրության բացերն ու թերությունները, կարծես դրա ընդունման քաղաքական պատասխանատվությունն իրենը չէ: «Այնքան էլ ազնիվ չէ: Ընդդիմությունից ավելի շատ հիմա դուք եք քննադատում ձեր ընդունած Սահմանադրությունը: Կարծում եմ, այնքան էլ ազնիվ չէ: Դա ես կարող էի և պետք է անեի, իսկ դուք պետք է պաշտպանվեիք»:

Ի պատասխան այս քննադատության՝ հանրապետական Արտակ Դավթյանը հիշեցոնւմ է Հայրիկյանին՝ 2005-ին սահմանադրական փոփոխությունների նախաձենությունը կրկին եղել է նախագահինը: Երկրորդ նախագահը, սակայն, ՀՀԿ անդամ չէ: Նրա հենարանը քաղաքական կոալիցիան էր, ասում է Արտակ Դավթյանը:

Այսքանը, ի պատասխան քննադատության, թե ումն է գործող Սահմանադրության բացերի քաղաքական պատասխանատվությունը:  Իսկ ընդդիմախոսների մյուս հարցին, թե որ պահից ՀՀԿ-ն ընդունելի համարեց անցումը խորհրդարանական համակարգին,  Արտակ Դավթյանը շատ ավելի հստակ պատասխան է տալիս: «Այն պահից, երբ մասնագիտական հանձնաժողովը ներկայացրեց նախագիծը և առաջարկեց անցնել կառավարման խորհրդարանական համակարգի»:

Back to top button