Քաղաքական

Հայաստանի պատվիրակությունը կարող է բոյկոտել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

lenabadeyan

Այսօր Աժ- h կրկին աշխատել է արտահերթ ռեժիմով՝ կրկին կառավարության առաջարկով: ԵՏՄ-ին առնչվող հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ- ական պատգամավոր Ալեքսանդր Պետրոսյանը տեղական արտադրողի անունից ահազանգել է, որ «անօրինական գործընթացներ են իրականացվում հայ արտադրողի նկատմամբ»։ Աշխատանքի ընթացքուըմ նաեւ վիճաբանություն է տեղի ունեցել կին պատգամավորների միջեւ, ինչին՝ կողմնապահորեն միջամտել է Աժ նախագահը, իսկ խորհրդարանի փոխնախագահը՝ միջանցքում լրագրողների հետ զրուցելիս որոշակի փակագծեր է բացել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հետագա աշխատանքի մասին։

 

Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ- ում Հայաստանի պատվիրակության հետագա քայլերը դեռ որոշված չեն, «մինչեւ հունվարյան նստաշրջան դեռ շատ ժամանակ կա», ասում է պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա չի բացառում ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանը բոյկոտելու սցենարը, բայց դա պայքարի ծայրահեղ տարբերակ է համարում: Ասում է՝ «բոյկոտելը լավագույն տարբերակը չէ, բայց, եթե հասնում է այն իրավիճակին, որ լսողները չեն ընդունում արգումենտների ծանրակշռությունն, ապա կարող է նաեւ այդպիսի բան լինել»:

Հիշեցնեմ, որ ԵԽԽՎ-Հայաստանի պատվիրակություն հարաբերությունները ինչ- որ չափով սառել են, քանի որ կա հակահայկական երկրորդ բանաձեւ ընդունելու վտանգը: Մեկ այլ վտանգ պատգամավորների մի մասն արդեն տեսել է Եվրասիական տնտեսական միությունից: Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Ալեքսանդր Պետրոսյանը արդեն նիստերի դահլիճում ահազանգում է, «անօրինական գործընթացներ են իրականացվում հայ արտադրողի նկատմամբ»։ Նա նշում է, որ հայկական արտադրանքը երկու անգամ հարկվում է ԱԱՀ- ով։

Պատգամավորի ահազանգը, ի դեպ, չէր առնչվում օրակարգային հարցին: Խորհրդարանի քննարկմանն էր դրվել այս տարվա հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված արձանագրությունը, որը ԵՏՄ մեկ այլ անդամի՝ Ղազախստանի մաքասային տուրքերը տարբերակում է՝ այդ պետության նաեւ մեկ այլ կառույցին անդամակցելու պատճառով:

Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, ամեն դեպքում, հնչած ահազանգի առումով տեղական արտադրողներին ասելու բան ուներ: Հայաստանն առկա խնդիրները լուծելու առաջարկներ է մշակել եւ շրջանառության մեջ դրել։

Տնտեսությունը տապալելու վտանգ ԵՏՄ-ից տեսնում է նաեւ «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ով ելույթի այդ հատվածից սահուն անցավ սահմանադրական փոփոխություններին եւ ազդարարեց դեկտեմբերի 1-ից մեկնարկող քաղաքական եւ քաղաքացիական անհնազանդության մասին: Այստեղ արդեն չդիմացավ եւ հանրապետականի թեւից տեղից միջամտեց Շուշան Պետրոսյանը, ինչն էլ վիճաբանության առիթ դարձավ:

Կառավարությունն արտահերթ նիստով խորհրդարանին է ներկայացրել նաեւ նախագիծ, որով առաջարկում է արտոնություններ տալ ոչ միայն սահմանամերձ գյուղերին, այլեւ՝ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողային տարածքներ ունեցող համայնքներին, հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը: «Վաղուց հասունացած ծրագիր է»,- արձագանքեց Դաշնակցություն խմբակցությունից պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ուշադրություն հրավիրելով գործող օրենքի հակասությունների վրա, որով «կրակի մեջ են գցել մարդկանց»։

Եթե այս հարցին պատգամավորը կողմ էր եւ կոչ էր անում ավելի խորքային դիտարկել հարցը, մեկ այլ նախագծի դեպքում Արծվիկ Մինասյանը փոխանցեց. Դաշնակցությունը դեմ է համայնքների խոշորացման ծրագրին: «Նախագիծն աղավաղում է հանրաքվեի սկզբունքը»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը՝  հարցնելով. ինչի՞ համար է այս շտապողականությունը: Դաշնակցությունում կարծում են, որ թե տնտեսական, թե սոցիալական, թե իրավական տեսակետից  նախագիծը բացասական է, ուստի դեմ են քվեարկելու:

ԱԺ արտահերթ նիստին բերված մեկ այլ նախագծով կառավարությունն առաջարկում է մեկ տարով հետաձգել փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար նոր սերնդի հսկիչ դրամարկղային սարքերը գնելու պարտավորությունը: Եթե վերջնաժամկետը չերկարաձգվի, ապա մինչեւ հունվարի 1-ը ՓՄՁ-ները պետք է տեղադրած լինեն նոր սերնդի հսկիչ դրամարկղային սարքեր:

Ըստ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի՝ շուրջ 25 հազար ձեռնարկատեր այս պահի դրությամբ չունի նոր սերնդի հսկիչ դրամարկղային սարք, իսկ ավելի քան 30 հազար ՓՄՁ-ներ ներդրել են նոր համակարգերը: ԱԺ արտահերթ նիստը կշարունակվի վաղը:

Back to top button