

Գալիք տարվա պետական բյուջեի մասին Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նոր բան չի ասում, իր ձեւակերպմամբ, ասում է այն, ինչ ասել են ոչ իշխանական քաղաքական գործիչները՝ «յոլա տանելու բյուջե»: Ըստ Արամ Կարապետյանի՝ այսօր Հայաստանում ամեն ինչն է հենված այս սկզբունքի վրա: Նոր Ժամանակներ կուսակցության նախագահը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ շեշտել է, որ Հայաստանում բյուրոկրատիան միացել է օլիգարխիային եւ նման պայմաններում տնտեսական քաղաքականության փիլիսոփայություն փոխել հնարավոր է միայն հեղափոխությամբ: Առանց արմատական շրջադարձի Հայաստանում անհնար առաջ շարժվելը՝ նշել է քաղաքական գործիչը:
Ընդդիմադիր գործիչը կարծում է, որ անգամ դժվար կլինի բյուջեի հավաքագրումը: Դա, ըստ նրա, կապված է մեր գլխավոր առեւտրային գործընկեր Ռուսաստանի հետ, որտեղ նույնպես վիճակը լավ չէ: Ըստ Արամ Կարապետյանի՝ ԵՏՄ մտնել-չմտնելը որեւէ կերպ չի ազդում գոյություն ունեցող իրավիճակի վրա: Եթե Ռուսաստանում վատ է ամեն-ինչ, ԵՏՄ-ում լինել-չլինելը էական չէ: Արամ Կարապետյանը չի կարծում, որ Ռուսաստանում հաջորդ տարի լավ կլինի, հետեւաբար, նրա կանխատեսմամբ, Հայաստանում էլ հաջորդ տարի կարձանագրվի աղքատության աճ, իսկ երկրի արտաքին պարտքի շեմը հաշվի առնելով, կարելի է եզրահանգել, որ շարունակելու ենք ապրել պարտքով: Սպասվող սոցիալական ծանր վիճակը, Նոր ժամանակներ կուսակցության նախագահի կարծիքով, հանգեցնելու է նրան, որ աճելու են արտագաղթի տեմպերը, թեպետ՝ արտագաղթելու հարմար երկիր էլ չկա:
Անհրաժեշտ է ներքին տնտեսական քաղաքականության ճշգրտում, որը չի արվում: Արամ Կարապետյանի գնահատմամբ՝ հիմնական պատճառն այն է, որ բյուրոկրատիան միացել է օլիգարխիային եւ նման պարագայում տնտեսական գաղափարախոսության փոփոխություն հնարավոր է միայն հեղափոխությամբ, իսկ առանց արմատական շրջադարձի՝ Հայաստանում առաջ շարժվելն անհնար է:




