

Տարատեսակ քաղաքացիական շարժումների կողքինարդեն ստեղծվել եւ ավելացել է եւս մեկը: Կարմիր քարտ են ցույց տալու բոլոր նրանց, ովքեր չարաշահումներ են թույլ տալիս: Շարժումն էլ կոչվում է հենց այդպես՝ «Կամիր քարտ» քաղաքացիական շարժում: Այս շարժման կորիզը երիտասարդ արվեստագետներ են՝ նկարիչներ, ունեն հստակ 5 պահանջ: Առաջին ակցիան արդեն կազմակերպել են, երկրորդը՝ նախատեսվում է նոյեմբերի 23-ին:
Բաղրամյան պողոտայում ամռանը ծավալված պայքարն ու իրադարձություններն ընդամենը «դեղին քարտ» էին իշխանությանը, այսօր արդեն հասունացել է «Կարմիր քարտ»-ի ժամանակը, մտածել են մի խումբ երիտասարդ արվեստագետներ՝ նկարիչներ եւ ստեղծել նույնանուն քաղաքացիական շարժում: Պահանջները մի քանիսն են, ասում է շարժման նախաձեռնող խմբի անդամներից Անուշ Բաղդասարյանը:
«Մեր պահանջները 5 են՝ գազի, լույսի, ալյուրի, շաքարավազի, բենզինի գների իջեցում»:
Երիտասարդներն, իհարկե, գիտակցում են, որ սա առաջին հերթին ենթադրում է պատերազմ օլիգարխիայի դեմ, սպասվող ճնշումներից չեն վախենում, արդեն ունեն գների իջեցման իրենց ծրագիրն ու նոյեմբերի 23-ին պատրաստվում են այն հանձնել համապատասխան կառույցներին: Միայն հաղթանակի դեպքում են տուն գնալու, ասում է շարժման նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ Փայլակ Թեւանյանը:
Շարժման անդամները վստահ են՝ հաղթելու են, քանի որ ուսումնասիրել են անկախ Հայաստանի հաղթանակների բոլոր փորձերը: Համոզվել են, որ միայն հետեւողական պայքարի դեպքում է հաղթանակն անխուսափելի: Իսկ քաղաքացիական հասարակության համախմբված պայքարի հաջողված փորձ են համարում տրանսպորտի թանկացման դեմ ձեւավորված «100 դրամ» քաղաքացիական շարժումը եւ Մաշտոցի պուրակի համար մղվող պայքարները: «Էլեկտրիկ Երեւանը» հաջողվածների մեջ չի, քանի որ առաջ քաշված հարցը լուծում չստացավ, իսկ շարժումը կեսից պառակտվեց, «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան մանրամասնեց Փայլակ Թեւանյանը: Իսկ թե ինչու են շարժումը ակտիվացնում հատկապես այս փուլում եւ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի թոհուբոհի մեջ փորձում մարդկանց հավաքագրել, դա էլ ունի իր նպատակն, ըստ Փայլակ Թեւանյանի:
Ինչ վերաբերում է հիմնավորումներին, ապա բենզինի գների նվազման համար վկայակոչում են համաշխարհային շուկայում նավթի գնի անկումը: 1,5 տարվա ընթացքում դա բերել է բենզինի գնի նվազեցման՝ Միացյալ Նահանգներում այն իջել է 50 տոկոսով, Վրաստանում ու Ուզբեկստանում նույնպես բենզինի գինը իջել է, բայց ոչ՝ Հայաստանում:
Անուշ Բաղդասրյանի այս օրինակից հետո շաքարավազի ոլորտի վրա է ուշադրություն հրավիրում շարժման անդամներից Վարազդատ Բարսեղյանը: Ասում է, որ շաքարավազի ներկրման 55 տոկոսը պատկանում է «Ալեքս գրուպին», իսկ մնացած 45 տոկոսը պարզապես հրուշակեղեն արտադրողներ են, որոնք շաքարավազ չեն վաճառում: Այստեղ կա եւս մեկ խնդիր. բերում են 3-րդ սորտի շաքարավազ, քանի որ ցածր որակ բերելով` նրանք ստանում են գերշահույթ, ինչը հնարավոր չի լավ որակով շաքարավազի դեպքում: «Կարմիր քարտ» շարժման անդամներն իրենց պայքարը արդեն ծարգրել են ու տարբեր իրավիճակների համար արդեն ունեն մշակված գործողություններ: Սկսում են համագործակցելու փորձից՝ փաստաթղթերը հանձնելով ղեկավար օղակներին, հաջողության չհասնելու դեպքում արդեն կդիտարկեն պայքարի այլ ձեւերը՝ ընդուպ մինչեւ քաղաքացիական անհնազանդություն:




