Տնտեսական

Որքանով ծանրացավ մեր երկրի արտաքին պարտքի բեռը

lianaeghiazaryan
Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության վարկային ծանրաբեռնվածությունը լուրջ բեռ ու մարտահրավեր է հաջորդ սերունդների համար: 2014-ի տվյալներով`  մենք տարեկան միայն շուրջ 67 մլն դոլար վճարում ենք որպես պետական վարկի  մայր գումարի մարում եւ սպասարկում: Սա նշանակում է, որ ամեն աշխատող տարվա կտրվածքով պետության վարկային միջոցների մարման համար անուղղակիորեն վճարում ու վճարելու է 60 դոլար: Այդ բեռը շարունակելու են կրել հաջորդ սերունդները` թե’ աշխատող, թե’ չաշխատող: Թեմայի շուրջ այսօր իր դիտարկումներն է ներկայացրել տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Կառավարության ներգրաված վերջին պարտքային միջոցները որքանով ծանրացրին մեր երկրի արտաքին պարտքի բեռը, ու որքանով արդյունավետ են այդ միջոցները ծախսվում:

 

600 մլն դոլարի նոր պարտքային միջոցներ ներգրավելու մասին կառավարության վերջին համաձայնագրերի կնքումից հետո Հայաստանի արտաքին պարտքն արդեն մեր երկրի ՀՆԱ 47-48 տոկոսին է հասնում` շուրջ 4.8 մլրդ դոլար: 2016-18 թվականներին արտաքին պարտքը նորից է մեծանալու` մոտենալով արդեն 50 տոկոսի սահմանագծին: Ինչով է սա սպառնում Հայաստանին եւ վտանգավոր է արդյոք: Այս թեմայի շուրջ պետական որեւէ պաշտոնյա այսօր չէր համաձայնվել խոսել լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Փոխարենն իր դիտարկումները ներկայացրեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը` մի շարք դիտարկումներ անելով: Վարկի բարձր չափի խնդիրն էլ մի կողմ, ասում է տնտեսագետը,  շատ լուրջ խնդիր է  վարկերի ծախսման արդյունավետությունը: Այդքան վարկ վերցնելու արդյունքում որեւէ դրական փոփոխություն չկա, հայտարարում է տնտեսագետն ու ներկայացնում սեփական հաշվարկները:

«Մեր արտաքին պարտքի տոկոսային հավելաճը տարեկան 7.7 տոկոս է, այնինչ 2011-2015 թվականներին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն աճել է ընդամենը 5 տոկոսով: Այսինքն` բարեկեցությունն ավելի դանդաղ է աճում, քան վարկերը»:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011-2015 թվականների կտրվածքով միջինում 4.9 տոկոս է: Այս առումով էլ առանձնակի դրական տեղաշարժ չկա: Ինչ վերաբերում է ստվերին, ապա հաշվարկի մեջ մանեւրելու շատ դաշտեր կան: Վերադառնալով վարկերի ու բյուջետային միջոցների ծախսման արդյունավետությանը` տնտեսագետը ծախսերը 4 հիմնական խմբի է բաժանում` պաշտպանություն, տնտեսություն, սոցիալ-մշակութային եւ կառավարման: «Որ ոլորտն էլ ուսումնասիրում ենք, մեծ հաշվով ոչ վարկային, ոչ բյուջետային միջոցներով ակտիվացում չի ապահովվել: Վարկերի մեծ մասն ուղղվում է ենթակառուցվածքների զարգացմանը, գոնե այդպես է ներկայացվում, բայց այստեղ կա մի լուրջ «բայց»,-շեշտում է տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

«Վերցնում ենք այն ոլորտները, որոնք ստվերի առումով շատ ավելի զգայուն են»:

Եկող տարվա համար ակնկալվում է 2.2 տոկոս տնտեսական աճ, այն դեպքում, երբ աշխարհում միջինում 3.5 տոկոս է ակնկալվում: Այստեղ տնտեսագետ Արտակ Մանուկյանը զավեշտալի դրվագներ է նկատում: Նախ` այս տարվա մեր տնտեսական աճի ցուցանիշերն ուռճացված են: 3.8 տոկոս աճի մասին պաշտոնական տվյալները, նրա համոզմամբ, չեն արտացոլում տրանսֆերտների, եկամուտների կտրուկ նվազումները:

Երբ ուսումնասիրում ենք պետական գնումները, անգամ Վերահսկիչ պալատի հաշվետվությունները, տեսնում ենք ոչ միայն անարդյունավետ ծախսեր, այլեւ մսխումներ: Չկա որեւէ ծրագիր, որի մեջ նման խնդիրներ նկատված չլինեն: Իսկ միջազգային կազմակերպությունները, բնականաբար, շահագրգռված են Հայաստանին շատ գումար տալու հարցում, դրանից ի վերջո տոկոսագումար են ետ ստանում, ու նորմալ է, որ աչք են փակում թե անարդյունավետ ծախսերի, թե չարաշահումների վրա, ամփոփում է մասնագետը:

 

Back to top button