Քարոզարշավի ընթացքում ընդդիմությունը հանդիպում է հալածանքների ու խոչընդոտների
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն այսօր հայտարարել են, որ սահմանդարական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքում հանդիպում են խոչընդոտների ու հալածանքների: Ընդդիմության միասնական շտաբի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը տեսանյութի միջոցով ներկայացրել է օրինակներ: «Ճնշումներ ու բռնության դեպքեր արձանագրելու դեպքում կանգնելու ենք բոլոր այն ուժերի կամ անհատ քաղաքացիների կողքին, ովքեր ունեն հստակ դիրքորոշում և այդ դիրքորոշումը «Ոչ» -ն է սահմանադրական փոփոխություններին»,-վստահեցրել են իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանն ու Արթուր Սաքունցը:
Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քարոզչական նպատակով իրականացվող այցն օրերս տապալվել է: «Գյուղ տանող ճանապարհը մի քանի շարքով լցված է եղել ցեմենտի պարկերով, ինչն էլ խոչընդոտել է մուտքը դեպի համայնք: Ընդդիմության միասնական շտաբի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանն այսօր հայտարարեց, որ քարոզչության ընթացքում ընդդիմության հանդեպ հալածանքի տարբեր մեթոդների են կիրառվում: Վարդենիսի դեպքը, թերևս, ամեթարմն է
Այս ամենը հուշում է, որ նոր սահմանադրության ընդունմամբ այլախոհների հանդեպ հալածանքն ավելի կսաստկանա: Վարուժան Ավետիսյանի բնորոշմամբ մենք գնում ենք դեպի երկրի ճամբարականացում, իսկ առաջիկա հանրաքվեն, ստրկացման գործընթաց է և ուրիշ ոչինչ: Ուստի հասարակության «Ոչ»-ը՝ արտահայտված նաև քաղաքացիական անհնազանդությամբ,կլիներ այդ գործընթացի արժանի պատասխանը: «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն էլ վստահեցրեց, որ ճնշումներ ու բռնության դեպքեր արձանագրելու դեպքում կանգնելու են բոլոր այն ուժերի կամ անհատ քաղաքացիների կողքին, ովքեր ունեն հստակ դիրքորոշում և այդ դիրքորոշումը «ոչ» -ն է սահմանադրական բարեփոխումներին:
«Մեզ փորձում են պարտադրել նոր սահմանադրություն գործող սահմանադրության կոպիտ խախտումներով»,-սա էլ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիտարկումն էր, ով այսօր հարկ համարեց հիշեցնել, որ քաղաքացիական անհնազանդությունը, որն ընդդիմությունն առաջարկում է որպես պայքարի միջոց, ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքն է: