Տնտեսական

Հայաստանում ներդրումների համար ամերիկացիները կդիտարկեն բոլոր ոլորտները

karenghazaryan
ԱՄՆ-ն խրախուսում է, որ Հայաստանում ներդրումների համար ամերիկացիները բոլոր ոլորտները դիտարկեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նա այսօր մասնակցել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի՝ այսօր անցկացրած հերթական ամենամյա հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ փոխվարչապետ, միջազգային ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարար  Վաչե Գաբրիելյանը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը և մի շարք այլ պաշտոնյաներ։ Ամերիկյան կողմի համար կարևոր են Հայաստանի հետ ունեցած տնտեսական կապերը, և ԱՄՆ-ն հպարտ է Հայաստանին օժանդակելու իր ջանքերում՝ ողջույնի իր խոսքում շեշտել է Բրիջիթ Բրինքը:

 

 

Շաբաթը նշանավորվում է հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումներով: Օրակարգում երկկողմ տնտեսական կապերի խորացումն է: Երկու օր առաջ տեղի ունեցավ առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի առաջին նիստը: Նորաստեղծ խորհրդի նպատակը բացառապես առեւտրային կապերի ընդլայնումն է, իսկ ահա տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը դիտարկում է երկու երկրների տնտեսական հարաբերություններն ավելի լայն համապատկերում: Օրակարգում ներառված հարցերից մեկն էլ այն է, թե արդյո՞ք կրկնակի հարկման համաձայնագիրն այս պահին անհրաժեշտ և նպատակահարմար է: Այս հարցին, մեզ հետ զրույցում, անդրադարձավ նաեւ մեր երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ նշելով, որ հայ գործընկերների հետ այն քննության են առնելու-որոշելու՝ արդյո՞ք դա մի հարց է, որի ուղղությամբ պետք է առաջ շարժվել:

«Որոշում դեռևս կայացված չէ»,-շեշտեց դեսպանը: Ռիչարդ Միլսը փոխանցեց նաեւ, որ իրենք խրախուսում են, որ ամերիկացիները Հայաստանում ներդրումների համար դիտարկեն բոլոր ոլորտները: Ըստ դեսպանի՝ ամերիկացիների համար առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում մասնավորապես ՏՏ ոլորտը: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն աջակցում է նաեւ գյուղատնտեսությանը, քանի որ այն համարում է տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը ու այդ հարցերը ներկայումս օրակարգում են:

«Մեր ուշադրության կենտրոնում է նաեւ հայաստանյան զբոսաշրջության ոլորտը: Այս պահին դեռեւս շատ բան չեմ կարող ասել, բայց վաղը մենք մեկնարկում ենք զբոսաշրջության մի ծրագիր, որի ուղղվածությունը գյուղական բնակավայրերում, մարզերում՝ Երեւանից դուրս, զբոսաշրջության զարգացումն է»:

Սկսած 1992թ-ից ԱՄՆ-ն Հայաստանին, ընդհանուր առմամբ, տրամադրել է ավելի քան 2 մլրդ դոլար: Մենք հավատում ենք , որ այս օժանդակությունը օգնել է Հայաստանին՝ ավելի բարեկեցիկ երկիր դառնալու՝ ասաց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բրիջիթ Բրինքը: Մի հատված նրա խոսքից՝ համընթաց թարգմանությամբ:

«ԱՄՆ-ն շատ հպարտ է Հայաստանին օժանդակելու այս ջանքերում: Մենք հավատում ենք, որ այս օժանդակությունը օգնել է Հայաստանն ավելի բարեկեցիկ երկիր դարձնելու: Նույնքան կարեւոր է՝  հասկանալ, որ երկու երկրների միջև այս երկխոսության շեշտադրությունն անցել է տնտեսական օժանդակության՝ գերակայություններից մինչև ներդրումներ՝ Հայաստանը գրավիչ տեղ դարձնելու ուղիղ արտաքին ներդրումների համար: Սա է տնտեսական բարեփոխումների շարժող ուժը, ինչը կօժանդակի Հայաստանի բնակչության բարեկեցությանը: Այս ամենը ԱՄՆ հիմնարար նպատակներն են»:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հիշեցրեց, որ հունվարին Հայաստանի քաղաքացիների համար դյուրացվել է վիզային ռեժիմը եւ նրանք կարողանում են ԱՄՆ մուտքի վիզա ստանալ տասը տարով: Նա անդրադարձավ նաեւ երկու երկրների միջեւ կնքված Որոտանի հիդրոկասկադի վերաբերյալ գործարքին՝  այն գնահատելով շատ դրական: ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը Հայաստանում նման ավելի շատ ներդրումներ տեսնելու հույս հայտնեց: ՀՀ կառավարության հետ կանենք ամեն ինչ խրախուսելու դա՝ հավելեց ամերիկացի պաշտոնյան:

Այն, որ Որոտանի գործարքը խոշորագույն ներդրում է Հայաստանում՝ իր խոսքում շեշտեց նաեւ Հայաստանի փոխվարչապետ, միջազգային ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարար  Վաչե Գաբրիելյանը: Նա վստահեցրեց, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերություններն ու գործակցությունը եւ անելու է հնարավորինը՝ ընդլայնելու փոխադարձ առևտրի եւ ներդրումների հնարավորությունները:

«Այս հանձնաժողովի մեխանիզմը դրան հասնելու ճանապարհներից մեկն է. տարիների ընթացքում հանձնաժողովում քննարկվել են բազմաթիվ հարցեր, որոնք իրենց լուծումներն են ստացել։ Այս տարի մասնավորապես մենք կարողացել են բարձր մակարդակի հանդիպումներում նախանշել մի քանի արդյունքներ, որոնք արդեն իսկ փաստ են, կարող եմ ասել, որ դրանցից են՝ վիզաների համաձայնագիրը, առևտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը»:

Աշխատանքները շարունակվելու են նույն ոգով՝ վստահեցրեց մեր երկրի փոխվարչապետը՝ հույս հայտնելով, որ նման հանդիպումները կունենան գործնական արդյունքներ:

«Մենք տրամադրված ենք շատ գործնականորեն աշխատելու մեր ամերիկյան գործընկերների հետ եւ նոր հարցեր ենք առաջադրել, որպեսզի ընթացս  լուծենք բոլոր հնարավոր խոչընդոտները, որոնք կարող են ծագել առեւտրատնտեսական հարաբերություններում: Ոչ միայն վերացնել խոչընդոտները, այլեւ ստեղծել նոր հնարավորություններ՝ այդ հարաբերութունների զարգացման համար»:

Ընկերությունները ներդրումներ են անում այնտեղ, որտեղ կան հավասար պայմաններ, կանխատեսելիություն, հրապարակայնություն՝ իր խոսքում այս մասին շեշտել էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բրիջիթ Բրինքը՝ պարզաբանելով, որ դա նշանակում է, որ պետք է լուծել կոռուպցիայի հետ կապված և նման այլ խոչընդոտները ներդրումային ոլորտում:

Կարդացեք նաև

Back to top button