

Թբիլիսիիում լույս տեսնող հնագույն թերթերից մեկը` «Վրաստանը» այս տարի նշում է հիմնադրման 95 -ամյակը: Ներկայացնելով երկրում տիրող իրադարձությունները հայերենով, այս տարիների ընթացքում թերթը մեծ դեր է ունեցել վիրահայերի ինտեգրման գործում, միևնույն ժամանակ առաջ մղելով գլխավոր թեման` հայ-վրացական բարեկամությունը: «Ռադիոլուրը» զրուցել է թերթի գլխավոր խմբագրի, հայտնի հասարակական ու քաղաքական գործիչ Վան Բայբուրթյանի հետ:
Արդեն 95 տարի Թբիլիսիիում լույս է տեսնում «Վրաստան» թերթը. Չնայած այդ ընթացքում եղած բազմաթիվ դժվարություններին, նրա լույս ընծայումը երբեք չի ընդհատվել: Պարբերականի գլխավոր խմբագրի համոզմամբ՝ «թերթի 95 տարին ծերության պատանեկության շրջանն է»:
Բոլշևիկյան զեկուցագրեր, խորհրդային Վրաստան, Կենտկոմի, այնուհետև երկրի նախագահի ու խորհրդարանի պաշտոնաթերթ. այդ տարիներից շատ բան է փոխվել. այսօր այն անկախ շաբաթաթերթ է համարվում. «Մենք հիմա ասում ենք, որ կառավարության կամ որևէ մի կուսակցության պաշտոնաթերթը չենք. մեր կուսակցությունը Վրաստանն է»:
Իսկ թերթի գլխավոր թեման՝ հայ-վրացական բարեկամությունը.«միայն ու միայն, որովհետև գիտենք, որ այդ բարեկամության դեմ կան մեծ թշնամիներ: Մենք խոսում ենք այսօրվա աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին հայ-վրացական բարեկամության նշանակության մասին: Վրաստան թերթն իր գործն անում է, ասելով` թող չերազեն այն պետությունները, կուսակցությունները, կամ որևէ մեկը, որ կարող է սեպ խրել մեր հարաբերություններում. դա անհնար է»,-հավաստիացնում է Վան Բայբուրթյանը:
Վիրահայ համայնքի համար սա փաստորեն միակ հայատառ շաբաթաթերթն է. այն հասնում է երկրի նույնիսկ ամենհեռավոր գյուղ, որտեղ գեթ մեկ հայ կա, ով ուզում է հայերեն թերթ կարդալ. «մեր նպատակն է, որ հայությունը տեղյակ լինի երկրում ընթացող իրադարձություններին, օրենքներում արձանագրված փոփոխություններին: Մենք բավարարում ենք տարբեր տարիքային ու մասնագիտական խմբերի հետաքրքրությունները. մենք թերթ ենք բոլորի համար»:
Բայբուրթյանը հիշում է 1986թ-ին, երբ ստանձնեց թերթի խմբագրի պաշտոնը, դժվարին տարիներն էին մոտենում, սակայն թերթն ուզում էր նորամուծություններ անել, ավելի գրավիչ դառնալ ընթերցողների համար: Եվ ահա այդ տարիներին «Սովետական Վրաստանը» տպագրում է հարցազրույց Վազգեն Առաջին կաթողիկոսի հետ:
«Ես հիշում եմ, հանդիպեցի վեհափառին, ասաց` քեզ կհանեն գործից, բայց ինձ չհանեցին: Եվ հետո մյուս թերթերը տեսնելով, որ ինձ չհանեցին գործից, իրենք էլ տպագրեցին … »:
Այդ տարիներին թերթի տպաքանակը 26 հազար էր, իսկ 1991-ին արդեն ացնում էր 50 հազարը: Ի դեպ, Բայբուրթյանը տպաքանակի հետ կապված հիշեց մի հետաքրիր դեպք. 1992-93թթ. հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի շրջանում հայկական թերթի բաժանորդների թիվը կտրուկ ավելանում է`700-ից հասնելով 2000-ի:
«Ես հետաքրքրվեցի, զանգահարեցի… գաղտնիքը նրանում էր, որ մեր թերթի տարածման բաժնում աշխատում էր մի հոյակապ կին, ով դուր էր գալիս ադրբեջանցիներին, և ովքեր էլ մեծ սիրով բաժանորդագրվում էին…»:
Ի դեպ, Ռադիոլուրը արդեն տեղեկացրել էր, որ Թբիլիսիիում լույս տեսնող հայալեզու պարբերականը Վրաստանի Օմբուդսմենի կողմից արժանացել էր «Հանդուրժողականության աջակից» տիտղոսին:




