Հասարակություն

Հաշմանդամների զբաղվածության խնդիրը կլուծվի

aidaavetisyan
2015 թվականի հունվարից պետական կազմակերպությունների, իսկ 2016 թվականի հունվարի մեկից ոչ պետականների համար  ուժի մեջ կմտնի «Զբաղվածության մասին» ՀՀ  օրենքով քվոտայի պահանջը: Այն է  100 և ավելի աշխատողներով ապահովված կազմակերպություններն աշխատատեղերով պետք է ապահովեն  նաև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած հաշմանդամություն ունեցող անձանց: Իսկ քվոտայի պահանջները չկատարելու դեպքում մինչև հաջորդ տարվա հունվարի 30-ը  կազմակերպությունները կվճարեն մասհանումներ հաշմանդամություն ունեցող անձով չլրացված յուրաքանչյուր աշխատատեղի համար 300 հազար ՀՀ դրամի չափով:

 

 

Գաղտնիք չէ, որ այսօր Հայաաստանում հաշմանդամություն ունեցող անաշխատունակ անձինք մեծ տոկոս են կազմում: ՀՀ «Զբաղվածության մասին օրենքը»,  որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի մեկից,  նպատակ է հետապնդում նաև կարգավորել աշխատանքի շուկայում անմրցունակ անձանց  զբաղվածության հարցը: Իսկ աշխատաշուկայում անմրցունակ անձանց մեջ առանձնահատուկ խումբ են ներկայացնում հաշմանդամություն ունեցող անձինք: Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ առաջարկել է հաշմանդամություն ունեցող անձանց համար  իրականացնել աշխատատեղերի պարտադիր ապահովման քվոտաներ: Սա էլ նշանակում է, որ  որոշակի կազմակերպություններ, անկախ աշխատողների թվաքանակի մեծությունից, պարտավոր են որոշակի տոկոսով աշխատանքով ապահովել տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած հաշմանդամություն ունեցող անձանց:

«Պետական կազմակերպությունների համար  այս պահանջը տարածվում է, եթե նրա աշխատողների թվաքանակը կազմում է 100 և ավելի է, և 3 տոկոսով, իսկ ոչ  պետական և նորից 100 և ավելի աշխատողներ ունեցող  կազմակերպությունների համար 1 տոկոսով»:

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանի՝ պետական կազմակերպությունների համար հաշվարկը սկսվելու է  2015 թվականի հունվարից, իսկ ոչ պետականների համար  2016 թվականի հունվարից: Այսինքն՝ 2015 թվականի արդյունքներն ամփոփելիս այն պետական կազմակերպությունները, որոնց միջին աշխատողների թվաքանակը կլինի 100, այդ կազմակերպության աշխատողներից 3 հոգին պարտադիր պետք է լինեն հաշմանդամութնյուն ունեցող անձինք:  2016թվականի ընթացքում կազմակերպությունները պետք է կատարեն քվոտայի պահանջները՝ զբաղեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանցով,  այլապես՝

«Եթե կազմակերպությունը չի կատարում քվոտայի պահանջը, ապա մինչև հաջորդ տարվա հունվարի 30-ը կատարում է  մասհանումներ, այսինքն  հաշմանդամություն ունեցող անձով չլրացված յուրաքանչյուր աշխատատեղի համար կատարում է 300 հազար ՀՀ դրամի չափով»:   

Գերատեսչության ներկայացուցչի վստահեցմամբ՝ այդ մասհանումներն էլ ծախսվելու են ս բացառապես օրենքով սահմանված ուղղություններով: Դրանք ուղղվելու են  հաշմանադամություն ունեցող անձանց առողջական, սոցիալական, մասնագիտական և աշխատանքային վերականգնմանը: Սակայն պետությունը ոչ միայն պահանջում է  գործատուից  հաշմանդամություն ունեցող անձանց  ապահովել աշխատատեղերով, այլև խրախուսում դրա համար, ասում է  Թադևոս Ավետիսյանն ու  հավելում՝ աջակցություն կստանան այն գործատուներն, ովքեր աշատանքով կապահովեն  հատկապես գործազուրկ և  հաշմանդամություն ունեցող անձանց:

«Այդպիսի աջակցության ձևերից են օրինակ աշխատավարձի մասնակի փոխհատուցումը»:

Նաև պետությունը գործատուին խրախուսում է որոշակի հմտություններ զարգացնելու համար մոտ 200 հազար դրամի չափով,  աջակցում է նաև, երբ հաշմանդամություն ունեցող անձն ունի աշխատատեղի հարմարեցման և ուղեկցման  խնդիր:  Իսկ վերոնշյալ ծրագրերն իրականացվելու են զբաղվածության պետական գործակալություններում հայտարարագրված  թափուր աշխատատեղեր ունեցող գործատուների համար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետը շեշտեց նաև այն, որ հաշմանդամություն ունեցող անձը  պարտադիր չէ, որ գրանցված լինի  զբաղվածության պետական գործակալություններում, սակայն պարտադիր է, որ  գործատուն նրան աշխատանքի վերցնելիս  վերջինիս մասին տեղեկատվություն  ներկայացնի  հարկային մարմիններին:

Back to top button