

Գնդաձև ակացիաներ, սոսիներ և ոչ միայն, մայրաքաղաքում այսօր շաբաթօրյակ ու ծառատունկ էր: Անմասն չէր նաև Կենտրոն վարչական շրջանն ու Հանրային Ռադիոյի դիմացի այգին, որը օղակաձև զբուսայգու շարունակությունն է: Ծառատունկը կյանքի է կոչվել ենտրոն վարչական շրջանի ու «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության նախաձեռնությամբ: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի համար յուրաքանչյուր նոր տնկված ծառ երեխայի նման է, այն պետք է պահել, փայփայել ու մեծացնել՝ էկոլոգիապես ավելի մաքուր Երևան ունենալու համար: «Ռոստելեկոմ Հայաստանի » գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի վստահեցմամբ, իրենք ոչ միայն ծառատունկի են մասնակցում, այլ հետևում ու խնամում են:
Հնգամյա Սամվել Գումրոյանը յուրաքանչյուր տղամարդու կյանքում անհրաժեշտ երեք՝ «ընտանիք կազմել, որդի ունենալ և ծառ տնկել» պարտադիր պայմաններից մեկն արդեն կատարեց: Առաջին անգամ նա գնդաձև ակացիա տնկեց: Տնկած ծառին խոստանում է ուշադրությամբ հետևել, միայն թե չգիտի, կշարունակի ծառ տնկել, թե ոչ, դա արդեն միայն իրենից կախված չէ.«Հետևելու եմ, որ ծառը մեծանա, ջրելու եմ, եթե պապաս բերի, հետո էլի կտնկեմ ծառ»:
Սամվելն ու ոչ միայն ծառատունկի էին մասնակցում Կենտրոն վարչական շրջանում, ավելի կոնկրետ Հանրային Ռադիոյի դիմացի այգում, որն օղակաձև զբուսայգու շարունակությունն է: Դիմացը նաև Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տունն է, քիչ ներքև՝ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կերտած Եղիշե Չարենցի հուշարձանը: Հանրային Ռադիոյի աշխատակիցները հիշում են՝ երբեմնի սաղարթախիտ այգին նոսրացել էր, ծառեր էին հատվել, այգին մի քիչ ամայացել էր, յուրաքանչյուր հատված ծառի հետ իրենք էլ էին ցավ ապրում, իսկ կանաչ այգին կարևոր է բոլորիս համար:
Տիկին Էմման ընկերուհիների հետ հատկապես ամռանը հաճախ է այս այգում լինում.« Ամեն հատված ծառի հետ մեր սիրտն էլ է ցավել, թե ինչի հատեցին: Իսկ որ այժմ ծառապատվում է, մենք էլ ենք ուրախ, նախկինում եղևնիներ են եղել: Հատվել են ցուրտ ու մութ տարիներին: Հաճախ ենք գալիս այս այգի հատկապես ամռանը` ընդմիջման ժամին»:
Կենտրոն վարչական շրջանի ու Ռոստելեկոմ Հայաստան ընկերության նախաձեռնությամբ կյանքի կոչված ծառատունկի շնորհիվ մի քանի տարի հետո երիտասարդ ծառերով շրջապատված կլինի նաև օղակաձև զբոսայգու այս հատվածը: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի խոսքով, ինչպես վարչական շրջանի մյուս բոլոր շրջաններում, այս հատվածում էլ այստեղ էլ ծառատունկը շարունակական է լինելու: Նրա տեղեկացմամբ, նման ծառատունկ նաև Ծիծեռնակաբերդի պուրակում են կազմակերպել: Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի համար յուրաքանչյուր տնկված ծառ իր խորհուրդն ունի:
«Ինձ համար յուրաքանչյուր ծառ, որը տնկվում և մեծանում է, երեխայի պես մի բան է, պետք է պահենք, փայփայենք, մեծացնենք՝ մեր քաղաքն ավելի գեղեցիկ լինելու, ավելի կանաչապատ լինելու , էկոլոգիապես ավելի մաքուր լինելու համար»:
Ծառատունկին նաև Ռոստելեկոմ Հայաստանի կոլեկտիվն էր մեծ հաճույքով էր մասնակցում՝ արդեն ավանդույթի համաձայն: Անցյալ տարի նույնպես ընտրել էին Կենտրոն վարչական շրջանը՝ Նալբանդյան փողոցում էին ծառեր տնեկլ իսկ այս տարի՝ Ալեք Մանուկյան փողոցում: Նրանք ոչ միայն ծառ են տնկում, այլ որ ոչ պակաս կարևոր է՝ նաև հետաքրքրվում են տնկված ծառերի , «հետագա ճակատագրով»: Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյան.
«Այն վայրերում, որտեղ մենք ծառատունկ ենք կատարում, մշտապես հետևում ենք ծառերի խնամքին՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ միասին : Միայն ծառատունկով գործը չի ավարտվում, դա միայն սկիզբն է, եթե այդ տնկիները չխնամվեն, ապա շատ շուտ դրանք կփչանան և ոչ մի արդյունք չենք ունենա»:
Յուրաքանչյուր նոր տնկված ծառ նոր կյանքի խորհրդանիշ է: Այսօրվա ծառատունկը բնության ու մեզ շրջապատող կանաչի նկատմամբ ավելի հոգատար լինելու երաշխիքը դառնա:




