Հասարակություն

Տուլայի վթարից տուժածի վիրահատությունը բարեհաջող է անցել

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում այօրվա տվյալներով` բուժումը շարունակում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից հինգ տուժած: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երեք հիվանդների առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր:  Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, տուժածներից մեկը, որն ունի կոնքի ոսկրերի և անրակի կոտրվածքներ նոյեմբերի 9-ին  բարեհաջող վիրահատվել է:  Մյուս հիվանդի առողջական վիճակը կայուն է, առկա է դրական տեղաշարժ: Բուժօգնությունն իրականացվում է ողջ ծավալով:

Վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում:

Նշենք, որ  Հայ-ռուսական առողջապահական երկրորդ  համաժողովի  կապակցությամբ  Մոսկվայում գտնվող  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Հայաստանից ժամանած բժիշկների  հետ  կայցելի  նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստանալու նպատակով Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ տեղափոխված տուժածին:

Այս պահի դրությամբ` ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է վթարից տուժած 2 հիվանդ:

Նկարը՝ ԱՆ ֆեյսբուքյան էջից

Back to top button