

ԵԽԽՎ-ն և այլ միջազգային կառույցներ պետք է խորհրդարկցեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, մինչև Լեռնային Ղարաբաղի շուրջ որևէ բանաձևի ընդունումը, այսպես էր թվիթերյան իր էջում արձագանքել ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի ընդունած բանաձևին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Խոսքը «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածներում» անվանումով հակահայկական զեկույցի մասին է, որը հունվարին ներկայացվելու է ԵԽԽՎ լիագումար նիստի քննարկմանը: Ի°նչ ազդեցություն կունենա այս փաստաութը կարգավորման գործընթացի վրա, արդյո՞ք հնարավոր էր այն կանխել, ո՞վ է պատասխանատու կամ ինչպես ուղղել իրավիճակը. զեկույցի հրապարակումից հետո այս հարցերը չեն դադարում քննարկվել:
ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին ղեկավար, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով Վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի կողմից օրերս ընդունված այսպես ասենք, ոչ հայանպաստ զեկույցին, կրկնում է նախկինում իր՝ բազմիցս հնչեցրած գնահատականը. ԵԽԽՎ-ն իրավունքների պաշտպանության կազմակերպությունից վեր է ածվել շահերի պաշտպանության կազմակերպության:
«Վերջին տարիների քվերակությունները բազմաթիվ հարցերով վկայում են, որ շահերը սկսել են գերակշռել: Երբ ես ասում եմ շահեր, ես նկատի չունեմ, դասական շահերն ու դրանց պաշտպանության դասական մեխանիզմները: Ես խոսում եմ պաշտպանության այն մեխանիզմների մասին, որոնք անթույլատրեիլի են և անհարիր ժողովրդավարական հաստատություններին»:
Շահերի պաշտպանության այդ մեխանիզմներին հակազդելու համար հայկական դիվանագիտությունն ընդհանրապես և Հայաստանի պատվիրակությունը մասնավորապես պետք է շարունակի աշխատել, ասում է Դավիթ Հարությունյանը, առանց մանրամասնելու, թե ինչ պետք է փոխվի այդ աշխատանքում հակահայկական հերթական զեկույցը չունենալու համար:
Հիշեցնենք՝ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը նոյեմբերի 4-ի նիստում ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ հավանության արժանացրեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը, որի մեջ հայկական կողմի համար խիստ անընդունելի բազմաթիվ ձևակերպումներ ու գաղափարներ են տեղ գտել:
Պետք է ոչ թե վերջում զարմանալ, այլ նախապես աշխատել՝ սա էլ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանի գնահատականն է: Նա կարծում է, որ տարբեր առիթներով և տարբեր կառույցներում արձանգրվող դիվանագիտական պարտությունները սխալ հայեցակարգով խնդիրն առաջ տանելու հետևանք են և, ի տարբերություն Դավիթ Հարությունյանի, նաև նշում , թե ինչը պետք է փոխվի Հայաստանի դիվանագիտական աշխատանքում:
«Մենք չենք կարողացել վերջին 20 տարիների ընթացքում գոնե ինչ-որ առումով փոփոխություն մտցենել մոտեցման մեջ ՝ առ այն, որ ոչ թե հայկական ուժերն են զբաղեցրել իրենց չպատկանող տարածքներ, այլ ճիշտ հակառակը՝ վեճը սկսել է Ադրբեջանը և տանուլ տվել այն տարածքներն, որոնք վիճելի են համարվում: Այս պարզ բանաձևը հայկական պատվիրակությունը չի կարողացել անգամ շրջանառության մեջ դնել, դրա վրա չի աշխատել ո’չ պետական, ո’չ քաղաքական, ո’չ դիվանագիտական միտքը»:
Ալավերդյանի գնահատմամբ՝ հայաստանյան լոբբին առհասարակ բացակայում է Եվրոպայում, արդյունքում՝ ձևավորված չէ Ղարաբաղյան հակամարտության ճիշտ պատկերը, ավելին ՝ արդեն հաղթում է հարցի ադրբեջանական ընկալումը: «Չի կարելի նստել ու սապասել, թե Ադրբեջանը մի բան կասի, մենք էլ դրան ի պատասխան անատամ կամ մինչև անգամ ատամով մի բան կասենք»:
Ընդ որում՝ խնդիրն ավելի մեծ է, քան՝ պատվիրակության անդամների կամ անձերի մեջ մեղավորություն փնտրելը: «Վաղուց պետք է ձևավորված լիներ այնպիսի մի ինստիտուտ, որը կնախապատրաստեր հայկական պատվիրակության անդամներին ԵԽԽՎ-ում աշխատելու համար: Խոսքը փորձագիտական լուրջ խմբի և փորձագիտական աշխատանքի մասին է: Իսկ Ադրբեջանը դա անում է»:
Ադրբերջանը դա անում է հետևողականորեն, համակարգված, գործի դնելով բոլոր գործիքները և կարողանում է իր մոտեցումը, թեկուզ և անարդար, առաջ տանել: Իսկ սուտը քաղաքականության մեջ, ինչպես պատմությունն է ցույց տալիս, կարող է աշխատել տասնյակ տարիներ: Ի դեպ՝ անգամ փոխարտգործնախախարարի կողմից հնչեցված այն պատճառաբանությունը, թե Ադրբեջանը կաշառքով է ընդունելի դարձնում իր մոտեցումները, Լարիսա Ալավերդյանի կարծիքով հիմք չէ արդարանալու համար: «Եթե մեր երկրում կաշառքի դեմ պայքարել չենք կարողանում, ինչպես պետք է այդ հարցը Եվրոպայում լուծենք»:
Իսկ ԼՂ կարգավորման գործընթացի վրա զեկույցի ազդեցությանն անդրադառնալով՝ Ալավերդյանը նշում է, որ յուրաքանչյուր նման փաստաթուղթ գործընթացի լրացուցիչ խաղաթուղթ է դառնում Ադրբեջանի ձեռքին և ծանրացնում նրա փաստարկների նժարը: Պետք է աշխատել ամենօրյա ռեժիմով, և ոչ թե նստաշրջանից նստաշրջան, և հակազդել բոլոր գործիքներով ու հնարավորություններով, ասում է Լարիսա Ալավերդյանը և հիշեցնում՝ հունվարին սպասվում է փաստաթղթի քննարկումը լիագումար նիստում. Սրբերի ժողով ու արդարության հաղթանակ ակնկալել պետք չէ:




