

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադառնալով գյուղատնտեսական տարվան՝ Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նշել է, որ 99,9 տոկոսով ավարտվել է խաղողի մթերման գործընթացը, պաշտոնական թվեր դեռ չկան, բայց մոտավոր 215 000 տոննա խաղող եղել է վերամշակման համար, իսկ ընդհանուր 310 000 տոննա խաղողի ընդհանուր բերք է եղել: Նա տարին համարել է ռեկորդային՝ տարբեր առումներով: Ավագ Հարությունյանը շեշտել է նաեւ, որ չնայած ռեկորդային բերքի, գյուղացին բացարձակապես տուժել է:
Տարին ռեկորդային էր նաեւ արտահանման ծավալների ռեկորդային նվազումներով՝ ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
«Խաղողի ռեկորդային բերքը ցավալի հետևանք ունեցավ Հայաստանի համար. գինեգործարանները պատրաստ չէին դրան: Դա բերեց նրան, որ գինեգործարանները սկսեցին մթերել առանց որակը ստուգելու, գոյացան հերթեր, արժեքը շատ ընկավ: Սրանից շահեցին միայն կոնյակագործները»:
Ավագ Հարությունյանն ասաց, որ 30-50 տոկոս անկում է եղել արտահանման բնագավառում, ինչը նույնպես ռեկորդային թիվ է:
Խոսելով ԵՏՄ անդամակցության մասին՝ Ավագ Հարությունյանն ասաց, որ այդ անդամակցումը տնտեսական առումով ո՛չ օգուտ է եղել Հայաստանի համար, ո՛չ՝ վնաս:
«Ասոցացման համաձայնագիրը չկնքելով մենք ընդամենը զրկվեցինք գրանտային որոշ ծրագրերից: Իսկ ԵՏՄ-ն էժան արտադրողի համար բացում է անսահման հնարավորություններ, սակայն մենք անհավասար մրցակցության մեջ ենք ԵՏՄ անդամ երկրների հետ, քանի որ մեզ մոտ աշխատուժը թանկ է, հոսանքը և մնացած բաները նույնպես թանկ են»:
2016-ից էլ ակնկալիքները մեծ չեն: Ավագ Հարությունյանի կանխատեսմամբ՝ առաջիկա երկու-երեք տարին գինեգործները ռուսական շուկան չկորցնելու համար շարունակելու են վնասով աշխատել՝ հույսով, որ նավթի գինը կբարձրանա:




