

Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր: Սոցիալական աշխատողի գործունեության նպատակը մեկն է` օգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն, ընտանիքին, աջակցել նրան լուծելու իր խնդիրները: Սոցիալական աշխատողի մասնագիտական օրվա առիթվ ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել «Սոցիալական աշխատանքը Հայաստանում. բարեփոխումներին համընթաց» թեմայով գիտաժողովը: Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտչյանը գիտաժողովի բացման ժամանակ նշել է, որ տարեցտարի ավելանում է նաև համապատասխան բաժին դիմորդների թիվը, ինչն արդեն իսկ վկայում է մասնագիտության պահանջված լինելու մասին:
Սոցիալական աշխատողն այն մարդն է, ով կկարողանա մարդկանց լսել և օգնել նրանց մեկ այլ պատուհանից նայել աշխարհին: Սոցիալական աշխատողը օգնում է մարդկանց լուծել այն խնդիրները, որոնք վերջիններս չեն կարողանում լուծել ինքնուրույն՝ ընտանիքի անդամների փոխհարաբերություններից մինչև երեխաների իրավունքների ոտնահարում: Այսօր սոցիալական աշխատողի օրն է: Արդյոք մեր երկրում կայացած է սոցիալական աշխատողի ինստիտուտը, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը դժվարանում է պատասխանել, բայց որ տարեց տարի ավելանում է համապատասխան բաժին դիմորդների թիվը, արդեն իսկ վկայում է մասնագիտության պահանջված լինելու մասին:
«Շուրջ 20 տարի է մենք պատրաստում ենք սոցիալական ախատողներ: Սոցիալական աշխատողի ինստիտուտի լիովին կայանալու համար նախևառաջ պետք է համակարգը կայացած լինի: Բայց որ սոցիալական աշխատանքը պահանջված է, ճանաչելի և ընդունելի է, փաստ է»:
Սոցիալական աշխատող լինելը առաջին հերթին մեծ պատասխանատվություն է, հետևաբար այս մասնագիտությունն ընտրելիս անձը պետք է խորապես գիտակցի իր առաքելության կարևորությունը, նկատեց Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը:
Ռիմա Հարությունյանը ավելի քան 20 տարվա սոցիալական աշխատող է: Իր երկարամյա պրակտիկայում տիկին Ռիման շատերին է օգնել: Խոստովանում, որ սոցիալական աշխատանքն իսկապես շատ բարդ մասնագիտություն է: Նաև մասնագետի պրոֆեսիոնալիզմից է կախված, թե որքանով նա կանցնի սոցիալական աշխատող և շահառու փոխհարաբերությունների սահմանը:
«Փոխհարաբերությունների սահմանը պետք է միշտ պահել: Երբեմն դա շատ դժվար է լինում անել, բայց դա արդեն մասնագետի հմտություններից է կախված»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը նկատեց, որ սոցիալական աշխատողի առջև կանգնած գլխավոր մարտահրավերը աղքատությունն է իր բոլոր տեսակներով:
«Մասնագիտոթւյան հիմքում մարդն է, իր բոլոր հնարավոր խնդիրներով»:
Նշենք, որ համակարգում այսօր աշխատում են շուրջ 4000 սոցիալական աշխատողներ: Սոցիալական աշխատանք են իրականացնում նաև տարբեր հկ-ների մասնագետները:




