Քաղաքական

Լուսավոր ու դրական գործընթացին ժողովուրդը չի հակադարձի. հանրապետական պատգամավորի կարծիքը

karenghazaryan
Սահմանադրական բարեփոխումներով սկիզբ է դրվում համագործակցային ժողովրդավարության ժամանակաշրջանի: Այս համոզմունքին է ԱԺ հանրապետական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նա եւս մի քանի, ըստ իրեն, կարեւոր հանգամանքներ է առանձնացրել, որոնց համար, հանրապետական պատգամավորի համոզմամբ, սահմանադրական բարեփոխումներին ժողովուրդն «այո» է ասելու:

 

Լուսավոր ու դրական գործընթացին ժողովուրդը չի հակադարձի՝ ասաց հանրապետական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը: Ըստ նրա՝ «ոչ»-ի ճակատը, միասնական թե անջատ, հաջողություն չի ունենա, քանի որ ժողովուրդը համագործակցային հասարակությունից չի կարող հրաժարվել, իսկ նոր սահմանադրությունը հենց այդպիսի հասարակության հիմք է դնում:

Ամենագլխավորներից մեկն էլ, որի համար պետք է «այո» ասել նոր սահմանադրությանը, հանրապետական պատգամավորի ձեւակերպմամբ, դատավորների եւ դատարանների անկախության ապահովման խնդիրն է, որը լավագույնս լուծում է նոր սահմանադրությունը: Հանրապետական պագմավորի խոսքով՝ եթե կա արդար եւ անաչառ դատավոր, ապա՝ օրենքի գերակայությունն ապահովված է:

Հակառակ դեպքում՝ օրենքի կիրառումը խարսխված կլինի զուտ տվյալ պահին իշխող կուսակցության կամ իշխող քաղաքական խմբի քաղաքական կամքից: Վահրամ Մկրտչյանը կարծում է, որ նոր Սահմանադրությամբ սահմանադրական իրավունքի մակարդակի են բարձրացվում նաեւ մարդու իրավունքներն ու ազատությունները՝ մի ամբողջ գլուխ ու տասնյակ հոդվածներ են նվիրված դրանց: Նոր սահմանադրությանը, հանրապետական պատգամավորի խոսքով, «այո» պետք է ասել նաեւ այն բանի համար, որ առավել հստակորեն լուծված են իշխանության տարանջատման ու նրանց միջեւ զսպումների ու հակակշիռների մեխանիզմների ապահովման խնդիրները:

Կարդացեք նաև

Back to top button