Քաղաքական

Ամենամեծ խնդիրը ընտրական համակարգի հանդեպ վստահության պակասն է

karenghazaryan
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ անձը հաստատող նույնականացման քարտերով քաղաքացիների քվեարկության եւ դրա արդյունքում չնախատեսված խնդիրների հավանականության ու վերահսկման մեխանիզմների, կրկնաքվեարկությունները բացառելու միջոցներին են այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել քաղաքագետ, «Ոչ»-ի և «Չեք անցկացնի» նախաձեռնությունների անդամ  Արմեն Գրիգորյանն ու «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպության իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:

 

Նույնականացման քարտերով քվեարկելու խնդիրը նոր չէ: Հակասությունը ընտրական օրենսգրքի հետ ի հայտ էր եկել դեռ 2014 թվականի ՏԻՄ ընտրություններում: Այս մասին հիշեցնելով՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպության իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն ասաց, թե հակասությունը պետք էր հարթել, ինչը սակայն  հղի է վտանգներով, քանի որ նույնականացման քարտերով քվեարկության պարագայում վերահսկման մեխանիզմներ չկան:

«Ես կողմ եմ, որ ընտրողին չզրկեն քվեարկելու հնարավորությունից, բայց քվեարկելու հնարավորություն տալով պետք է սահմանել նաեւ վերահսկողական մեխանիզմներ: Ընտրությունների նկատմամբ այս համատարած անվստահության պարագայում այս մեկ լծակն էլ երբ որ ավելանում է, կասկածի տակ է դրվելու հանրաքվեի արդյունքների լեգիտիմությունը»:

Ըստ բանախոսի՝ խնդիրը միանգամայն կլուծվեր եւ հարցը կփակվեր, եթե իշխանությունները գնային ընդամենը մեկ քայլի: Այն է՝ եթե որոշվեր, որ ընտրողների ստորագրած ցուցակները կհրապարակեն:

«Ոչ»-ի և «Չեք անցկացնի» նախաձեռնությունների անդամ  Արմեն Գրիգորյանի դիտարկմամբ նույնպես ամենամեծ խնդիրը ընտրական համակարգի հանդեպ վստահության պակասն է: Այդ իսկ պատճառով էլ նման խնդիրներ են առաջանում:

Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝ իշխանությունները կարող են հանրաքվեի նկատմամբ վստահության հնարավորությունն ավելացնել ոչ միայն ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակմամբ: Տարբերակներ շատ են, որոնց մասին եղել են առաջարկներ, սակայն մերժվել են: Հերիքնազ Տիգրանյանը հիշեցրեց դրանցից մի քանիսը: Օրինակ՝ շուրջօրյա նկարահանումների ապահովումը տեղամասերում:

«Ոչ»-ի և «Չեք անցկացնի» նախաձեռնությունների անդամ  Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ստորագրված ընտրացուցակների հրապարակումը ամենակարճ եւ ոչ ծախսատար միջոցն է այդ վստահության վերականգնման համար, ինչը սակայն իշխանությունների համար, «Ոչ»-ի շարժման անդամի ձեւակերպմամբ, այսպես ասած, սուրբ եւ փակ թեմա է, որին մոտ գալ թույլ չեն տալիս:

Կարդացեք նաև

Back to top button