Քաղաքական

Կրկին անհասցե հայտարարություն. համանախագահների ուղղությամբ կրակոցները հնչել են անհայտ ուղղությունից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեր Անդրիուն, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը համատեղ հայտարարություն են տարածել՝ ամփոփելով  հոկտեմբերի 26-28-ը տարածաշրջան կատարած այցի  արդյունքները: Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու վերաբերյալ՝ քննարկելու հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչները և այլ խնդիրներ:«Մենք նախագահների հետ հանդիպումներում նշել ենք շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության վտանգների մասին: Ծանր զինատեսակների` ականանետների ու հրթիռահրետանային կայանների կիրառումն անընդունելի է և մեծ վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության համար: Մենք խորապես ցավում ենք անմեղ քաղաքացիների շրջանում գրանցված դեպքերի ու մարդկային կորուստների համար և ակնկալում, որ կողմերը կգործադրեն բոլոր ջանքերը՝ բռնությունից խուսափելու նպատակով:Մենք ներկայացրել ենք առաջարկներ՝ նպատաուղղված անվտանգության, կայունության ապահովմանը և բանակցությունների համար ավելի կառուցողական մթնոլորտի ստեղծմանը»,- ասված է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:

Ըստ հաղորդագրության, միջնորդները նախօրեին Բաքվում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ և նշել, որ աջակցում են բոլոր նախաձեռնություններին, որոնք նպատակ ունեն միավորել հայերին ու ադրբեջանցիներին: Համանախագահները նշել են նաև  Երևանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպելու փաստը: «Քննարկել ենք անհայտ կորած անձանց մասին տվյալների փոխանակման հարցը», նշված է հաղորդագրության մեջ:

Տարածած հայտարության եզրափակիչ հատվածում համանախագահները անդրադարձել են այցի ընթացքում շփման գծում տեղի ունեցած միջադեպին՝ ըստ էության կրկին չմատնանշելով մեղավորներին և նշելով, որ շփման գիծը հատելու ժամանակ համանախագահների ուղղությամբ անհայտ ուղղությունից կրակոցներ են արձակվել՝ ստիպելով նրանց պաշտպանական միջոցներ կրել:«Տեղի ունեցածը հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը կանխելու փորձ է, այն ընդգծում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ԵԱՀԿ կողմից ուսումնասիրելու անհրաժեշտությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից հայտնել էին, որ հոկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցել են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից: Սակայն դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից ադրբեջանական կողմից: Դիտարկումն անց է կացվել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ գործողնախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Կարդացեք նաև

Back to top button