

Այսօր տեղի է ունեցել ներառական բարձրագույն կրթության քաղաքականության նախագծի շնորհանդեսն ու քննարկումը: Քաղաքականության նախագիծը մշակվել է «Ունիսոն» ՀԿ-ի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, և նպատակ ունի բարելավել Հայաստանի բարձրագույն կրթության մատչելիությունը և ներառականությունը հատուկ կարիքներ ունեցող անձանց համար:Այն տրամադրում է հաշմանդամության վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրման, օգտագործման և բացահայտման մեթոդաբանություն և գործիքներ, և կազմվել է հաշմանդամություն ունեցող և չունեցող ուսանողների, ինչպես նաև տեղի և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ հարցազրույցների արդյունքում: Ներկայացնելով Ներառական բարձրագույն կրթության քաղաքականությունը, «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը նշել է, որ մեր երկրում այն պարզապես բացակայում է:
Կրթության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, որն առավել նշանակալի է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Սոցիալական այս խմբի համար կրթությունը ոչ միայն անձնային և մասնագիտական աճի երաշխիք է, այլև երկրի սոցիալական, մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացներում նրանց մասնակցությունն ապահովող կարևորագույն գործոն: Միևնույն ժամանակ գաղտնիք չէ, որ Հայաստանում ապրող ավելի քան 197 հազար հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական կյանքում ինտեգրմանը խոչընդոտում է ներառական կրթության բացակայությունը:
Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում կրթական համակարգի ներառականության ապահովումը պաշտոնապես համարվում է ՀՀ կառավարության ՝ կրթության ոլորտի առաջնահերթություններից մեկը: Հայաստանի բարձրագույն կրթության մատչելիությունն ու ներառականությունը նարելավելու նպատակով «Ունիսոն» ՀԿ-ի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ մշակել է ներառական բարձրագույն կրթության քաղաքականության նախագիծ, որի՝ կյանքի կոչվելու դեպքում «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը վստահ է՝ Հայաստանում զգալի առաջընթաց կգրանցվի:
Ի դեպ, Արմեն Ալավերդյանը չի ընդունում այն արդարացումները, թե մեր բուհերիկ շենքերը մեզ ժառանգություն են հասել Խորհրդային Միության տարիներից և դա է պատճառը, որ դրանք բոլորի համար չէ, որ մատչելի են: Ինչ որ մի բանից պետք է սկսել և սկսել հենց այսօր, ասում է հկ ղեկավարը, միևնույն ժամանակ նկատելով, որ ներառական կրթությունը միայն թեքահարթակներ կառուցելը չէ:
Ունիսոն ՀԿ-ի կատարած հետազոտությունները ցույց են տվել է, որ հաշմանդամություն ունեցող անձինք ուսանողների ընդամենը 1 տոկոսն են կազմում, ինչն արդեն իսկ փաստում է առկա խնդիրների մասին:
Ի վերջո՝ առանց ֆիզիկական մատչելիության անհնար է պատկերացնել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը և արդյունավետ մասնակցությունը կյանքի ամենատարբեր ոլորտներում, այդ թվում բարձրագույն կրթական համակարգում:




