

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը քաղաքական էր, քանի որ Թուրքիան կարևոր գործընկեր է Եվրոպայի համար, «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» թեմայով քննարկման ժամանակ այսօր ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։ Սակայն արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը նշում է, որ այս դատավարությանը Հայաստանը ներգրավել էր որպես երրորդ կողմ և նրա պահանջները բավարավել են։
«Եվրոպական դատարանի ստորին պալատի կողմից 2013-ի դեկտեմբերին կայացրած վճռում առկա էին ձևակերպումներ, որոնք ընդունելի չէին Հայաստանի համար, քանի որ դրանք կասկածի տակ էին դնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ անցկացրած հետազոտությունների արդյունքները: Սա ստիպեց Հայաստանին, որ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով հանդես գա որպես երրորդ կողմ, ասում է արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը ՝«ՄԻԵԴ-ի որոշումը «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով» թեմայով քննարկման ժամանակ:
Թաթոյանը նշում է, որ որպես երրորդ կողմ Հայաստանի պահանջները բավարարվել են : «Առաջին հերթին կարևոր նշանակություն ունի, որ Եվրոպական դատարանը վերահաստատեց, որ իրավասու չէ և չի էլ միջամտելու այն հարցի քննարկմանը, թե ինչ է իրենից ներկայացնում Հայոց ցեղասպանությունը և իրավասու չէ այս առումով իրավական պարտադիր հայտարարություններ անել»,- ասում է։
Քննարկմանը մասնակցող միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյաննէլ նկատում է,որ այս վճռով դատարանը ասաց, ոչ թե Հայաստանը, կառավարությունը, պետությունը, այլ՝ հայերն ունեն իրենց նախնիների, Ցեղասպանության զոհերի ու նրանց ժառանգների արժանապատվությունը պաշտպանելու իրավունք, «այդ թվում՝ իրենց ազգային, էթնիկ ինքնատիպությունը պաշտպանելու իրավունք»:
Սա միագամայն նորություն էր, սակայն Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այլ կարծիք ուներ: Ավելի քան համոզված է, որ ՄԻԵԴ- ը քաղաքական որոշում է կայացրել՝ հաշվի առնելով Թուրքիայի կարեւորությունը Եվրոպայի համար:
Իշխանյանն ասում է, որ ՄԻԵԴ-ի որոշումը մեծ հարված էր՝ ուղղված Հայաստանին ու նաև պարտություն Շվեցարիայի համար: «Կարծում եմ, որ մենք մխիթարվում ենք: Չարժե այն որպես հաղթանակ ներկայացնել: Փերինչքեը պատահական մարդ չէ, նա հատուկ արեց այդ հայտարարությունը, պետք է փաստն արձանագրել, որ դատարանի որոշումը օգուտ Փերիչեքի էր: Սա հաղթանակ չէր, մեղմացրեց ստորին պալատի որոշումը, բայց ասաց, որ կարելի է Ցեղասպանությունը ժխտել»,- ասաց Իշխանյանը:
Արա Ղազարյանը մասամբ էր համաձայն Իշխանյանի հետ: Նա նշեց, որ ՄԻԵԴ-ը պետք է ուշադրություն դարձներ փաստին, թե ով է Փերինչեքն ու ինչ ուղի է անցել. «Նա «Թալեաթ փաշա» ՀԿ նախագահն էր, շովինստ ու ռասիստ է:




