ՄշակույթՑեղասպանություն 100

«Նռան հատիկ-2015». ներկայացումներ կցուցադրվեն նաև առցանց

aidaavetisyan
«Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության  աջակցությամբ հոկտեմբերի 25-ից 30-ը  Երևանում «Վերածնունդ» խորագրի ներքո  անցկացվելու է  «Նռան հատիկ-2015» մանկապատանեկան 15-րդ հանրապետական թատերական փառատոնը, որին  մասնակցելու է ԼՂ-ից և Հայաստանից 30 թատերախումբ: Նախորդ տարիներին  փառատոնին մասնակցել են  նաև Սփյուռքի հայկական  մշակութային կենտրոններից թատերախմբեր, սակայն Մերձավոր Արևելքում պատերազմական իրավիճակի պայմաններում սաները չեն կարողացել գալ Երևան, սակայն ուղարկել են նկարահանված իրենց ներկայացումները:

 

«Վերածնունդ» խորագրի ներքո հոկտեմբերի 25-ից 30-ը մայրաքաղաքը կողողվի մանկապատենական թատերախմբերով: 30 թատերախումբ, որից 6-ն առաջին անգամ է մասնակցում փառատոնին,  կներկայանա 35 ներկայացմամբ: Թեև փառատոնը կրում է «Վերածնունդ» խորագիրը, սակայն «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի նախագահ Գարիկ Ղազարյանի խոսքով՝ ոչ բոլոր ներկայացումներն են  նվիրվելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Տարբեր տարիներին «Նռան հատիկ»-ին մասնակցել են թատերախմբեր նաև Սփյուռքից, Ջավախքից և ԼՂՀ-ից:  Փառատոնի բազմամյա գործունեության տարիներին այս տարի  առաջին անգամ ներկայացումներ կցուցադրվեն նաև օնլայն տարբերակով: Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պայմաններում Սփյուռքի  հայկական մշակութային կենտրոնի սաները չեն կարողացել մեկնել Երևան, սակայն  ուղարկել են իրենց ներկայացումների տեսագրությունները:

Այն, որ փառատոնը տալիս է պտուղներ, փաստում է նաև «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի նախագահ Գարիկ Ղազարյանը:  «Մեր մասնակիցներից շատերն ընդունվել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, երիտասարդներից շատերն արդեն ավարտել են և աշխատում են թատորնի ոլորտում: Ուրեմն ինչ որ մի արդյունք կա»:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանն էլ իր հերթին նշեց, որ փառատոնի  նպատակն է աջակցել մանկապատանեկան թատերական արվեստի զարգացմանը, համախմբել և համակարգել գործող թատերական մանկապատանեկան խմբերը,  աջակցել նորերի ստեղծմանն ու կայացմանը: Փառատոնի կազամեկրպիչների նպատակն է թատերական արվեստի միջոցով մատաղ սերնդին տալ գեղագիտական և բարոյական դաստիարակություն:

Փառատոնի կազմակերպիչ «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա հասարակական կազմակերպությունը,  կարևորելով թատերական կրթության զարգացման հիմնահարցերը, նպատակ ունի թատրոն առարկան ընդգրկել դպրոցական ծրագրերում: Առարկան արդեն  25 տարի է դասավանդվում է Անանիա Շիրակացու անվան ճեմարանում:

«Ունենք ևս մեկ երազանք: Դա թատերական քոլեջ-վարժարանի ստեղծումն է»:

«Նռան հատիկ» փառատոնի պատվավոր նախագահ Հասմիկ Կարապետյանի վստահեցմամբ էլ՝ փառատոնի շրջանակներում ցուցադրվող ներկայացումները  հնարավոր կլինի ներկայացնել նաև մանկապարտեզներում՝ եթե նախակրթարանում ապահովվեն բեմական պայմանները:

Back to top button