Հասարակություն

Բերքի տոնն Արտենիում զուգակցվեց վերանորոգված մարզադահլիճի բացումով

satikisahakyan

Այսօր Արագածոտնի մարզի Արտենի համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում բացվել է հիմնանորոգված մարզադահլիճը: Այն իրականացվել է <<Հայաստանի մանուկներ>> հիմնադրամի, Գերմանիայի  <<Նաիրի>> հասարակական կազմակերպության,   Գերմանիայի ամենուժեղ մարդը ճանաչված ծանրամարտիկ Պատրիկ Բաբումյանի և Արա և Սոնյա Հասեթների աջակցությամբ:  Դպրոցում նշվել է նաև բերքի տոնը։ Այս դպրոցում սովորում է 350 աշակերտ:

 

Առատ բերք ու բարիք, դպրոցի վերանորոգված  մարզադահլիճ, հյուրեր, որոնք էլ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի աշակերտների համար շաբաթվա սովորական օրը տոն էին դարձրել:  Աշակերտները դասարան առ դասարան   ազգային ուտեստներով, բանջարեղենով, մրգերով և  քաղցրավենիքներով  զարդարել էիր սեղանները և իրենց հարկի տակ հյուրընկալել դպրոցի բարեկամներին, որոնց ներդրումների շնորհիվ դպրոցում ստեղծվում են սովորելու համար անհրաժեշտ պայմանները:

Երեխաներն  ազգային կերակրատեսակները համադրել էին նորի հետ և զարգացրել երևակայությունը: Սեղաններին  կային փշատենու ճյուղեր, փոխնդե գնդեր, թանապուր, բանջարեղենից զարդարված տարբեր պատկերներ:

Այսօր բացվեց նաև Արտենիի  թիվ 1 միջնակարգ դպրոցի վերանորոգված մարզադահլիճը, որը հիմնանորոգվել էր մի քանի արտասահմանցի բարերարների օժանդակությամբ և <<Հայաստանի մանուկներ>> հիմնադրամի աջակցությամբ:

<<Ռադիոլուրը>> մեկ տարի առաջ անդրադարձել էր Արտենիի երեխաների ֆիզիկական պատրատվածության խնդրին, ովքեր ֆիզկուլտուրայի ժամերը հիմնականում անցկացրել են դրսում գնդակ խաղալով: Այսուհետ երեխաները  մարմնակրթության դասերը կանցկացնեն  դահլիճում:

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Մանուշակ Շատոյանը ուրախությամբ  նշեց համագործակցության մասին ու գոհունակություն հայտնեց բարերարներին:  Դպրոցում սովորում է 350 աշակերտ:

<<Հայաստանի մանուկներ>> հիմնադրամը դպրոցի լավագույն բարեկամներից է և օգնում է երեխաներին  ապրել առողջ, զարգացնել նրանց   հմտություններն ու կարողությունները: <<Հայաստանի մանուկներ>> հիմնադրամի փոխտնօրեն  Ինեսա Գրիգորյանը նշեց, որ  Արտենիում աշխատում են 2008 թվականից :

Նորաբաց  մարզադահլիճում զգացվում է գույքի պակաս, ինդի մասին նշեց նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կարեն Անտոնյանը:  Սպորտի և երիտասարդության հարցերի  նախարարության մասսայական սպորտի  և ֆիզիկական  դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանը  խոստացավ մասամբ օգնել գույքով:  Նա համագործակցելով COAF-ի հետ  Արմավիրի և Արագածոտնի մարզերի մի քանի դպրոցներում  անցկացնում է բասկետբոլի պարապմունքներ, վերապատրաստում  ֆիզկուլտորայի ուսուցիչներին:

Հավելեմ, որ վերականգնման խիստ կարիք ունի նաև Արտենիի թիվ 2  հիմնական դպրոցը, որն ուշադրությունից դուրս է մնացել:

 

Back to top button