Դավութօղլուն Մերկելի հետ խոսել է Հայոց ցեղասպանության թեմայով
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:
Թուրք վարչապետն, անդրադառնալով Բունդեսթագում քննարկման դրված Ցեղասպանության մասին բանաձեւի նախագծին, նորից խոսել է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում է Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքը։
Ինչպես հայտնում է Ermenihaber.am-ը՝ Դավութօղլուն ասել է. «1915 թվականի դեպքերը տիկին Մերկելի հետ շատ ենք քննարկել, հատկապես այն ժամանակ, եր այդ հարցը Գերմանիայի խորհրդարանում էր բարձրացվել: Հավատում ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած վերջին վճռից հետո այդ թեման Եվրոպայում այսուհետև պետք է քննարկվի առավելապես ակադեմիական մակարդակում: Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել մեր դիրքորոշումն առ այն, որ Թուրքիան այդ տեսանկյունից պատրաստ է աջակցել ամեն տեսակ պատմական հանձնաժողովների աշխատանքներին, որոնցում ներառված կլինեն նաև գերմանացի պատմաբանները»: