Լույս է տեսել «Հայաստանի Հանրապետություն» պատմական հանրագիտարանը
Պատմաբան Սամվել Հակոբյանն այսօր ներկայացրել է իր հեղինակած «Հայաստանի Հանրապետություն» 11 հատորանոց պատմական հանրագիտարանը: 11 հատորները նա ներառել է մեկ գրքում՝ ներկայացնելով ՀՀ բոլոր մարզերն ըստ բնակավայրերի՝ իրենց պատմամշակութային միջավայրով հանդերձ: Հատորում անդրադարձ է կատարվել նաև Արցախին ու նրա պատմաճարտարապետական միջավայրին:
Մոտ երեսուն տարիների աշխատանք՝ զետեղված մեկ գրքում, որը կոչվում է «Հայաստանի Հանրապետություն»: Պատմաբան Սամվել Հակոբյանի 11 հատորանոց հանրագիտարանում Հայաստանի բոլոր մարզերն են ըստ առանձին բնակավայրերի. մոտ տասը հազար լուսանկարներ, եռալեզու ամփոփ տեղեկատվություն:
Մասամբ ներկայցված է նաև Կիլիկյան Հայաստանն ու Արցախը: «Ի դեմս այս հանրագիտարանի՝ ես փորձեցի ստեղծել յուրօրինակ մի անձնագիր, որը յուրաքանչյուրին հնարավորություն կտա ճանաչել Հայաստանը՝ իր բնակավայրերով, նրանց պատմությամբ ու պատմաճարտարապետական հուշարձաններով հանդերձ», ասում է պատմաբանը:
Ըստ նրա՝ աշխատությունը ներկայացնում է ոչ միայն գրանցված ու հանրությանը հայտնի հուշարձանների հարուստ ցանկ, այլև արժեքավոր, սակայն անհայտ հուշարձաններ, թանգարաններ, տվյալ բնակավայրում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող գործարաններ, Հայաստանի ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնող հուշարձաններ և այլն:
«Հայաստանի Հանրապետություն» մեկ գրքում ամփոփված 11 հատորանոց հանրագիտարանի հազար օրինակները կարող են դառնալ յուրաքանչյուրիս սեղանի ցանկալի գիրքը, սակայն հեղինակի ցանկությամբ դրանց առաջին հասցեատետերը կլինեն կրթօջախներն ու հայկական զորամասերը: