Մշակույթ

Գեղարվեստի ակադեմիայի 70- ամյակի այսօրվա միջոցառումներն ավարտվեցին Նկարիչների միությունում

sonahakobyan

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան տոնում է հիմնադրման 70-ամյակը։ Բուհն այսօր կերպարվեստի և դիզայնի ուսուցման ոլորտում լավագույնն է ոչ միայն Հայաստանում, այլև առաջիններից է տարածաշրջանում։ Հոբելյանական միջոցառումները մեկնարկել են ակադեմիայում:  Կրթության և գիտության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 70-ամյա հոբելյանի առթիվ բուհի մի խումբ դասախոսներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով, ինչպես նաև ԿԳՆ բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» և ԿԳՆ շնորհակալագրերով:  Ակադեմիայի 70-ամյակի առթիվ միջոցառումները շարունակվել են ողջ օրվա ընթացքում: Նկարիչների միությունում էլ բացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացվել են ակադեմիայի տարբեր տարիների շրջանավարտների աշխատանքները:

 

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան արդեն 70 տարեկան է: Կերպարվեստի և դիզայնի ուսուցման ոլորտում գեղարվեստի ակադեմիան լավագույնն է ոչ միայն Հայաստանում, այլև առաջիններից է տարածաշրջանում։ Այսօր էլ Գեղարվեստի ակադեմիան դինամիկ զարգացող, ավանդույթները պահող, ազգային մշակույթի հենքի վրա ժամանակակից արվեստի շերտ ավելացնող ուսումնական հաստատություն է:

70 տարիների ընթացքում գեղարվեստի ակադեմիայում սովորել են հազարավոր արվեստագետներ։ Բուհում այժմ սովորում է մոտ 1000 ուսանող, հետևաբար՝ այս տոնն առաջին հերթին այդ ուսանողներինն է։ Շնորհավորելով ուսանողներին և շրջանավարտներին հոբելյանի առթիվ՝  ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը նկատեց, որ ներկայումս Հայաստանի պրոֆեսիոնալ նկարիչների ավելի քան 90 տոկոսը գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներն ու ուսանողներն են։

Պատահական չէ, որ 40-ականների պատերազմական և հետպատերազմական տարիներին հիմնադրված մի շարք բուհերի կողքին առանձնանում է նաև Գեղարվեստի ակադեմիան, հոբելյանական միջոցառմանը նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ նկատելով, որ Գեղարվեստի ակադեմիայի վրա դրված առաքելությունն այսօր էլ իրականացվում է փառքով և պատվով:

Նշենք, որ կրթության և գիտության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 70-ամյա հոբելյանի առթիվ բուհի մի խումբ դասախոսներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով, ինչպես նաև ԿԳՆ բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» և ԿԳՆ շնորհակալագրերով:

Back to top button