Միջազգային

Ո՞վ է Սիրիայում Մոսկվայի թիրախը. ավիահարվածները շարունակվում են

8 հարված  և բոլորն էլ դիպուկ. ռուսական զինուժը Սիրիայում առաջին հաջող հարվածներ է հասցրել Սիրիայում Իսլամական պետութան դիրքերին: Ոչնչացվել են ահաբեկիչների հրամանատարային կետեր, զրահատեխնիկա, ինչպես նաև զենքի և վառելիքի պահեստներ: Ռուսական օդա-տիեզերական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կլիմովն այսօր հայտնել է, որ ռուսական ինքնաթիռները օդ են բարձրացել Լաթաքիայի ռազմական օդանավակայանից, հաջողությամբ խոցել են լեռնային գոտում գտնվող ահաբեկիչների թիրախները և այժմ պատրաստվում են իրականացնեկ նոր թռիչքներ: Միաժամանակ սիրիական բանակը միանգամից երեք բնակավայրերում Հոմս քաղաքի մոտակայքում իրականացրեկ է ցամաքային գործողություն: ВГТРК –ի ռազմական լրագրողը Սիրիայից հաղորդել է որ ոչնչացվել է «Ջեբաթ Ան-Նուսրա» խմբավորման 3 դաշտային հրամանատար և 107 գրոհային: Կառավարական զինուժն այժմ գրոհ է իրականացնում Հոմսի հյուսիսում, որտեղ թաքնվել է Իսլամական պետության մոտ 5 հազար ահաբեկիչ:

Սիրիայի շուրջ նոր զարգացումները ստիպել են Միացյալ նահանգների և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին վերջին  մի քանի օրվա ընթացքում անցկացնել արդեն երրորդ հանդիպումը: ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ Ջոն Քերրին և Սերգեյ Լավրովը պայմանավորվել են վերսկսել շփումները սիրիական հարցով: «Հնարավոր միջադեպերից խուսափելու համար երկու երկների զինվորականները կպահպանեն շփումները Սիրիայի շուրջ, հանդիպումները կլինեն շատ շուտով: Մենք քննարկել ենք այն հարցերը որոնց վերաբերյալ պայմանավորվածություն էին ձեռք բերել մեր նախագահները», ամերիկացի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո ասել է Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը պետքարտուղարի հետ հանդիպմանն ընդգծել է, որ ռուսական ինքնաթիռները Սիրիայում միայն կետային հարվածներ են հասցնում Իսլամական պետության դիրքերին և այլ նպատակների մասին լուրերը անհիմն են:«Մենք ազնվորեն և անկեղծորեն խոստովանում ենք, և մեր նախագահը բազմիցս ասել է այդ մասին. մենք ընդառաջ գնալով Սիրիայի իշխանությունների խնդրանքին՝ օգնում ենք պայքարել Իսլամական պետության և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ», ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Սաուդյան Արաբիան մինչ այդ Ռուսաստանից պահանջել է դադարեցնել ավիահարվածների Սիրիայի տարածքին: Al-Arabiya  հեռուստաընկերության փոխանցմամբ, թագավորության իշխանությունները միացել են այն երկրներին, որոնք համոզված են, որ ռուսական ինքնաթիռները ահաբեկիչների փոխարեն հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը: Իրենց հերթին, ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Մոսկվան ավիահարվածներ է հասցրել նաև ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության հետ համագործակցող անջատականներին:

Հիշեցնենք, որ նախօրեին Վլադիմիր Պուտինն ստացել էր Դաշնության խորհրդի համաձայնությունը Սիրիա զորք ուղարկելու համար: Սիրիայի շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձությունները վկայում են այն մասին, որ Ռուսաստանի որոշ չափով հաջողվում է դուրս գալ միջազգային մեկուսացումից և ստիպել Արևմուտքին կարևոր աշխարհաքաղաքական խնդիրների շուրջ հաշվի նստել իր հետ:

Սիրիայում արդեն 4,5 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին, մասնակցում են միմյան դիմակայող մի քանի ուժեր, գործող նախագահ Բաշար Ասադը վայելում է Ռուսաստանի և Իրանի աջակցությունը: Ընդդիմադիր խմբավորումներից մի քանիսին սատարում է Միացյալ Նահանգները, մյուսներին՝ Սաուդյան Արաբիան: Վերջին տարում սիրիական ճգնաժամն էլ ավելի բարդացավ՝ դրանում Իսլամական պետության ներքաշումից հետո, ահաբեկչները Սիրիայի հյուսիս-արևելքում, ինչպես նաև Իրաքում  բազմաթիվ շրջաններ են վերահսկում:

Կարդացեք նաև

Back to top button