ԿարևորՀասարակություն

Փոխնախարարն անտեղյակ է` ում են վաճառում ՀԷՑ-ը, բայց դրա զարգացման հարցում լիահույս է

lianaeghiazaryan

Որքանո՞վ են իրատեսական ռուսական գազը ռուբլով գնելու խոսակցությունները, ե՞րբ կավարտվի աուդիտը ՀԷՑ-ում, ինչպե՞ս է պատահում, որ էներգետիկայի ոլորտի պատասխանատուներն իրենք էլ տեղյակ չեն ոլորտի հսկայի` ՀԷՑ-ի վաճառքի գործարքից, ու ինչպե՞ս է ստացվում, որ բախվում են Հայաստանի պետական ծրագրերն ու Համաշխարհային բանկի կանխատեսումները: Այսօր այս ու ոլորտին առնչվող շատ այլ հարցերի շուրջ խոսել է Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, ով, չնայած Հայաստանի էներգետիկ համակարգում ստեղծված լարված դրությանը, առաջիկա ծրագրերի մասին խիստ լավատեսորեն է արտահայտվել` միաժամանակ շատ հանգիստ խոստովանելով` գուցե մենք բացեր ենք ունեցել:

 

Հայաստանի էներգետիկ համակարգում խառնաշփոթը սկիզբ առավ, երբ պարզվեց, որ բաշխիչ ցանցերը խճճվել են հսկա պարտքերի մեջ: Այս տարեսկզբին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի պարտավորությունները միայն բանկերի նկատմամբ գերազանցել են 220 մլն դոլարը:

aregԶանգվածային ու երկարատեւ բողոքի ակցիաներին ի պատասխան` երկրի ղեկավարը ՀԷՑ-ում աուդիտի անցկացման որոշում կայացրեց: Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը վստահեցնում է` այդ ընկերության մենեջմենթը եւ սակագների հիմնավորվածությունը  գնահատելու լուրջ առաջադրանք է դրված: Արդյունքները շուտով կլինեն, ասում է, հստակ ժամկետեր, սակայն, դեռ չեն նշվում: «Կարծում եմ` շուտով համաատասխան եզրակացությունն ու հաշվետվությունը կստանանք, որից հետո մենք կիմանանք մեր անելիքները»,- ասում է փոխնախարարը։

Բայց մինչ աուդիտի արդյունքներին սպասելը՝  կառավարությունն իր վերջին նիստում անսպասելի փաստաթուղթ ներկայացրեց: Ըստ դրա` ՀԷՑ-ի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ռուսական ընկերությունը «Հայկական էլեկտրական ցանցերի» բաժնետոմսերը պատրաստվում է վաճառել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը: Գործարքի մասին հանրությունը տեղեկացված չէր։ Չէր նախորդել ոչ մի քննարկում: Ավելին, լրատվամիջոցները նոր գնորդի մասին համացանցում որեւէ տեղեկություն չգտան, բացառությամբ դրա` օֆշորային գոտում գրանցված լինելու մասին լուրերի:

Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն այսօր շատ հանգիստ տոնով նշեց, որ իրեն էլ սրանից ավելին ոչինչ հայտնի չէ: Բայց խոսքը, նկատենք, էնէրգետիկայի ոլորտի ամենաբարձր պաշտոնյաներից մեկի մասին է, ով, փոխարենը, այսօր նկատեց, որ ՀԷՑ-ի կուտակված խնդիրները միայն մասնավոր ընկերությունը կարող էր լուծել եւ ոչ թե պետությունը` ազգայնացման ճանապարհով:

«Գուցե ՀԷՑ-ում մինչ այժմ լավ մոնիթորինգ չենք արել»,- կրկին շատ հանգիստ խոստովանեց փոխնախարարն ու շարունակեց` հետայսու պետք է ավելի խիստ ու հստակ պայմաններ առաջադրել գնորդին:  Բայց ինչո՞ւ մասնավորեցնել օֆշորային ընկերությանը, չէ՞ որ մի անգամ արդեն ձախողված փորձ ունեցել ենք: Փոխնախարարը հարցին մոտենալու իր տրամաբանությունն ունի, ասում է` սկզբի մի երկու տարին «Ինտեր ՌԱՕ»-ն լավ էր աշխատում, հետո իրավիճակին համարժեք կառավարում չկարողացավ իրականացնել: Թե որքանով է փոխնախարարի ասածն արդարացնում մեր երկրի գլխավոր արյունատար անոթներից մեկի խցանումը, հարցի այլ կողմն է:

Մյուս կողմում՝ ՀԱԷԿ-ի հարցն է: Նոր էներգաբլոկի կառուցումը 2016-ից հետաձգվեց մինչեւ 2028 թվական, ներդրողներ են փնտրվում, դրան զուգահեռ` ամրացվում է գործող էներգաբլոկը` ՄԱԳԱՏԷ-ի սթրես-թեստն անցնելուց հետո նոր մոտեցումներով: «ՀԱԷԿ-ը փակելու պահանջները իրականում քաղաքական դաշտում են, ոչ թե անվտանգության»,- շեշտեց փոխնախարարն ու անցավ մինչեւ 2036 թվականը էներգետիկ համակարգի զարգացման իրենց նոր ծրագրին:

«Բավականին նոր հարցեր են շոշափվում, ներառյալ՝ նոր էներգաբլոկի կառուցումը: Ավելի ուշ` 2036-ին կարիք կլինի երկրորդ բլոկի: Առաջին անգամ դիտարկվել են բոլոր առաջնային էներգառեսուրդները, որոնք մուտք են գործում Հայաստան,եւ օպտիմալացվել, նվազեցվել են բոլոր ծախսերը»։

Այս նույն երկարաժամկետ ծրագիրը ենթադրում է, որ մինչեւ 2036-ը Հայաստանի էներգետիկ անվտանգությունը ներկայիս շուրջ 50 տոկոսից կբարձրանա մինչեւ 70 տոկոսի: Բայց պետական լավատեսական այս ծրագրին հակադրվելու է գալիս Համաշխարհային բանկի գնահատականը: Այս կառույցը եւս երկար ուսումնասիրել է  Հայաստանի էներգետիկ համակարգն իր բոլոր խնդիրներով ու մշակում է ՀԷՑ-ի  ֆինանսական առողջացման ծրագիր:

Միաժամանակ՝ ՀԲ-ի մասնագետներն արդեն կանխատեսում են` առաջիկա գոնե 10 տարիներին հոսանքը Հայաստանում կշարունակի թանկանալ, քանի որ թանկացման հանգեցնող պատճառներն առնվազն մեկ տասնամյակ կշարունակեն առկա լինել: Վերադառնալով լավատեսական դիտարկումներին` կրկին փոխանցենք ոլորտի պաշտոնյայի սպասելիքները:

Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարը դրանք կապում է թե ԵՏՄ-ի, թե Իրանի հետ: «Իրանը մեր փայլուն գործընկերն է, փայլուն ծրագրեր իրականացնում ենք եւ կիրականացնենք»,- ասաց։

Բայց այս հարցում նույնքան լավատես լինել դեռ չեն շտապում իրանական կողմում: Որոշ ժամանակ առաջ, պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցին, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռեիսին նկատել էր, որ գործակցության ոլորտները, իրոք, բազմազան են, բայց  կոնկրետ խոշոր ծրագրերն իրականացնելու համար ներդրողներ դեռ չկան:

Ինչեւէ, Արեգ Գալստյանն անդրադարձավ նաեւ ռուսական գազը ռուբլով գնելու խոսակցություններին: Հայ տնտեսագետները սա ձեռնտու ու անհրաժեշտ են համարում, որպեսզի ռազմավարական գործընկերոջ հետ երկկողմ գործարքում դոլարի փոխարժեքով պայմանավորված կորուստներ չունենանք: Միայն մեր որոշելով չէ, փոխշահավետ պետք է լինի, ասաց փոխնախարարը:  «Դա օրակարգային հարց է։ Կարծես թե իրավական դաշտում այդ հնարավորությունը կա»:

Այն դիտարկմանը՝ Ռուսաստանը հնարավոր է չհամաձայնի այդ պայմաններին, Արեգ Գալստյանն արձագանքեց, թե պետք է քննարկվեն նաև մեր գործընկերոջ դիրքորոշումները:

Back to top button