ԿարևորՔաղաքական

Սահմանադրական փոփոխությունների քննարկումը ԱԺ- ում կսկսվի մյուս շաբաթ

lusinevasilyan

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի սեպտեմբերի 15-ին մեկնարկող աշնանային նստաշրջանի  առաջին  քառօրյայում: Այն նախօրեին ստացավ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն ու ընդգրկվոց օրակարգ: Լիագումար նիստում փաստաթուղթը կքննարկվի ԱԺ կանոնակարգով սահմանված ընթացակարգով:  

 

Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ    կատարվում են հանրաքվեի միջոցով` հանրապետության նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ: Սա Սահմանադրության 111-րդ հոդվածն է, որով էլ հենց սահմանվում են մայր օրենքի  ընդունման և  փոփոխման հիմնական սկզբուքները:

Հոդվածը նշում է, որ հանրաքվեն նշանակում է հանրապետութան նախագահը՝ ԱԺ առաջարկով կամ համաաձայնությամբ: Իսկ համապատասխան որոշումը խորհրդաարանն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Այս կետից արդեն  մյուս մանրամասները սահմանվում են ԱԺ կանոնակարգով: Դրա 75-րդ հոդվածը նշում է, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախագծին կից   խորհրդարանին պետք է ներկայացվի  փոփոխությունների հիմնավորումը, նաև՝ հանրաքվե նշանակելու վերաբերյալ որոշման նախագիծը։

Հաջորդ հոդվածն էլ սահմանում է, թե ինչ ընթացակարգով է քննարկվում սահմանադրական փոփոխությունների նախագիծը:  Ի դեպ, կանոնակարգը 2 տարբեր ընթացակարգեր  է նախատեսում.  երբ նախաձեռնությունը պատգամավորինն է, այն քննարկվում օրենքի նման՝ 3 ընթերցմամբ, երբ նախագահինն է՝ պարզ ընթացակարգով:

Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս նախագահի ներկայացուցիչը: Նա այս դեպքում մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն է: Ընթանում է քննարկում, հարակից զեկույց, հարցեր, մտքերի փոխանակաություն:

Եզրափակիչ ելույթում նախագահի ներկայացուցիչը կարող է փոփոխության ենթարկել քննարկված նախագիծը եւ առաջարկել՝

կամ՝  ԱԺ որոշմամբ համաձայնություն տալ նշանակելու հանրաքվե՝ հանրապետության նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխված նախագիծն ընդունելու հարցով.

կամ՝  քննարկված նախագիծը նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչեւ հաջորդ քառօրյայի սկիզբը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության։

Այս կարգով նախագիծը կքննարկվի սեպտեմբերի 15-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում:

***

Ի դեպ, գործող Սահմանադրության գրեթե բոլոր հոդվածները փոփոխվում են, բայց հեղինակները ներկայացված նախագիծը համարում են ոչ թե նոր Սահմանադրության, այլ՝ փոփոխությունների նախագիծ:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում Վարդան Պողոսյանը բացատրեց, որ սա փոփոխությունների նախագիծ է, որովհետեւ անփոփոխ են մնում մայր օրենքի  առաջին 2 հոդվածները` հիմնարար դրույթների մասին:  «Դրանք են Հայաստանի Հանրապետությունը բնութագրում որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական պետություն»,- ասաց Վարդան Պողոսյանը:

Առաջին երկուսից բացի նախագիծը փոփոխություններ է առաջարկում գրեթե բոլոր հոդվածներում՝ մի մասում արմատական ու առանցքային: Ամենաէականը երկրում կառավարման համակարգի փոփոխությունն է. նախագիծը նախատեսում է անցում կիսանախագահականից խորհրդարանական համակարգի:

Խորհրդարանն ընտրվում է միայն համամասնական ընտրակարգով, որը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորում(համամասնական ընտրակարգի կոնկրետ տեսակն ու եղանակը սահմանվելու է Ընտրական օրենսգրքով):

Որպես կայուն մեծամասնության ձևավորման երաշխիք՝ նախագիծը սահմանում է խորհրդարանական ընտրության երկրորդ փուլ: Դրան մասնակցում են առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները և դաշինքները:

Ի դեպ՝ այս հարցում արդեն փոփոխություն կա. նախագծում դեռ չի արտացոլվել, բայց Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ կա համաձայնություն՝ կայուն մեծամասնության դրույթը ոչ թե Սահմանադրության մեջ, այլ Ընտրական օրենսգրքում  որպես ոչ պարտադիր նորմ ամրագրելու մասին:

Հանրապետության նախագահի համապետական ընտրություն Սահմանադրության փոփոխությունների նախագծով չի նախատեսվում: Այսօր նախագծում գրված է, որ նախագահին կընտրի ընտրիչների ժողովը՝ կազմված ԱԺ պատգամավորներից և նրանց թվին հավասար ՏԻՄ ներկայացուցիչներից: Բայց արդեն հստակ է, որ փոփոխությունների հեղինակները մտադիր են հրաժարվել ընտրիչների ժողովի գաղափարից՝ նախագահին ընտրելու իրավունքը թողնելով միայն Ազգային ժողովին:

Հստակեցումները այս մասով տեղի կունենան նախագծի ընթացիկ քննարկումների արդյունքում:

Երկրի վարչապետին նույնպես  կընտրի Ազգային ժողովը: Նախ՝ վարչապետ ընտրելու իր իրավունքից կօգտվի նորընտիր Ազգային ժողովի մեծամասնությունը. նրա առաջադրած թեկնածուին հանրապետության նախագահը կնշանակի վարչապետ: Եթե վարչապետը հրաժարական տա, նոր վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք կունենա ԱԺ նախագահը:

Սահմանադրության փոփոխությունների նախագծով ավելացվում է օրենքի նախագիծ ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների թիվը: Եթե այսօր այդ իրավունքն ունեն Ազգային ժողովն ու կառավարությունը, ապա փոփոխությունների ընդունման դեպքում դրանից կօգտվի նաև քաղաքացիական հասարակությունը. ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազար քաղաքացի կարող է քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ին օրենքի նախագիծ առաջարկել:

Նորություն կլինի նաեւ Սահմանադրությունը փոփոխելու գործընթացում: Հոդվածների մեծ մասը կարող են փոփոխել միայն պատգամավորները՝ ընդամենը օրենք ընդունելով, եւ առանց հանրաքվեի: Հանրաքվեով կփոփոխվեն միայն հատուկ հոդվածներ ու գլուխներ: «Անձի իրավական կարգավիճակին վերաբերող հոդվածները, հիմնական իրավունքներն ու ազատությունները, դատական իշխանությանը վերաբերող գլուխը, կառավարման գլխում որոշ հոդվածներ կփոփոխվեն միայն հանրաքվեով»:

+++

ԱԺ քաղաքական ուժերի դիրքորոշումներն առայժմ հայտնի են նախնական պատկերով: Դրանք վերջնական ձևակերպումներով կներկայացվեն խորհրդարանական քննարկման ժամանակ: Հայտնի է, որ բարեփոխումներին դեմ են ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», բայց  2  խմբակցություններում էլ կան պատգամավորներ, որոնք պաշտպանում են գործընթացը:

Back to top button