Վարկային ծրագրի շնորհիվ 20000 երեխա նախակրթարան է հաճախում
Ծաղկաձորում այսօր մեկնարկել է «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի արդյունքների ներկայացմանը նվիրված համաժողովը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև «Կրթության բարելավմանը» վերաբերող նոր ծրագիրը:
Համաժողովիի բացմանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագիրը մեկնարկել է դեռևս 2009 թվականին և նկատել, որ ծրագրի իրականացման տարիների ընթացքում համակարգում զգալի ձեռքբերումներ են եղել:
Այս տարիների ընթացքում փոխվել է նաև ծրագրի բովանդակությունը և էլ ավելի համապատասխանեցվել ներկայիս մարտահրավերներին: Ներկայացնելով արդեն ավարտվող ծրագրի արդյունքները՝ նախարար Արմեն Աշոտյանը նշել է որ զգալի աշխատանքներ են կատարվել հատկապես նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման ուղղությամբ:
Վարկային ծրագրի շրջանակներում հանրապետության 10 մարզերում և Երևանում հիմնադրվել են 280 նախակրթարաններ, որտեղ այսօր սովորում է շուրջ 20.000 երեխա: Ելնելով ծրագրի արդյունավետությունից՝ Արմմեն Աշոտյանը հայտնեց, որ նախադպրոցական կրթության բաղադրիչը ներառվել է նաև վարկային նոր ծրագրում: Ծրագրի շրջանակներում նախարարը կարևորել է նաև ավագ դպրոցների ինստիտուտի ներդրումը: