

Մինչեւ անցյալ ամիս վիճակագիրների արձանագրած գնանկման միտումները սեպտեմբերի սկզբին արդեն փոխվում են: 2015թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 0.3% գնաճով, hաշվել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Օգոստոսին հուլիսի համեմատ պարենային ապրանքների նշված 0.3% գնաճը հիմնականում պայմանավորվել է մսամթերքի, ոչ ոգելից խմիչքի, բանջարեղենի և կարտոֆիլի 0.3-11.8% գնաճով։
Բանջարեղենն ու կարտոֆիլը վերջին մեկ ամսում կտրուկ են թանկացել, հուլիսի համեմատ` 11.8% գնաճ կա, որոշ քաղաքներում` անգամ ավելի քան 15 տոկոս: Մսամթերքն էլ է թանկացել: Հետաքրքիր է նկատել, որ հայ վիճակագիրներն առանձին հաշվում են նաեւ խաշի պարագաների գները, ավելին, նկատում են, որ շոգ եղանակից հետո` խաշի սեզոնին ընդառաջ, 1.6%-ով էժանացել է խաշի համար նախատեսված մսեղենը, չնայած մսամթերքի ընդհանուր թանկացմանը:
Ձվի գինը նվազել է 5.5%-ով: Բանջարեղենի թանկացմանը զուգահեռ վիճակագիրները մրգի էժանացում են գրանցել:
Հակառակ կարկտից ձմերուկի հսկա ցանքերի վնասմանը` ձմերուկն ու սեխը չեն թանկացել: Շաքարավազն էժանացել է 2.3 տոկոսով: Մեկ տարվա կտրվածքով՝ 2.5 տոկոսով թանկացած կաթնամթերքի գինն այս ամիս գրեթե անփոփոխ է: Առանձնապես չեն փոփոխվել գները կենդանական և բուսական յուղերի, հացամթերքի և ձկնամթերքի ապրանքախմբում:
Հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրացել են 0.2% և 0.5%-ով: 0.2%-ով թանկացել են դեղամիջոցները: Արձակուրդներից հետո` ուսումնական նոր տարեսկզբին, կրթության համակարգի ծառայությունների գնաճ չկա, որոշակիորեն ավելացել են հանգստի կազմակերպման, բուժսպասարկման, իրավական ու բանկային ծառայությունների գները:
Օրանժ-Յուքոմ օպերատորների գործարքն էլ կապի ոլորտում գների փոփոխություն չի բերել: Բայց ընդհանուր առմամբ բնակչությանը մատուցվող ծառայությունների սակագներն աճել են 0.1%-ով:
Արտարժույթի շուկայում դոլարը շարունակել է արժեւորվել: Օգոստոսին դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 479.8 դրամ էր, ինչը գերազանցել է 2014թ. օգոստոսի ցուցանիշը 17.2%-ով: Հիշեցնեմ` անցյալ տարի այս ժամանակ 1 դոլարժն արժեր 409.5 դրամ:
Բայց, ի հեճուկս հայ վիճակագիրների գնանկումային գնահատումների, «Գելափ ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի հարցումները ցույց են տվել` Հայաստանում գնողունակության ու եկամտի կրճատումը բերել են սպառման նվազման:
«Վերջին շրջանում տնտեսո՞ւմ եք արդյոք ապրանքների և ծառայությունների վրա»: Ըստ հարցումների՝ հագուստի եւ կոշիկի վրա խնայում է հարցվածների 53 տոկոսը, սննդամթերքի՝ 39 տոկոս (ավելի ցածր գնային սեգմենտում են ապրանքներ գնում), խոշոր կենցաղային տեխնիկայի վրա` 32 տոկոսը, կոմունալ ծառայությունների/գազ, ջուր, էլեկտրաէներգիա/` 29 տոկոսը, ճանապարհորդությունների` 28 տոկոսը, ժամանցի վայրերի, մանր կենցաղային տեխնիկայի վրա՝ 25 տոկոսը, տնտեսական ապրանքների` 11 տոկոս։ Չի տնտեսում հարցվածների 15 տոկոսը։
Ի դեպ` Ազգային վիճակագրական ծառայությունը Հայաստանին խիստ շահեկան դիրքերում է տեսնում Եվրամիության, ԱՊՀ և աշխարհի մի շարք այլ երկրների համեմատությամբ: Հունվար-հուլիս կտրվածքով Հայաստանը 2.2 տոկոս գնանկմամբ առաջատարն է: Իսպանիան, Բուլղարիան, Իտալիան, Ֆինլանդիան, Մոլդովան եւս որոշակի գնանկում ունեն, բայց առավելագույնը` 1.4 տոկոսով:
Ռուսաստանն ունի 9.4 տոկոս գնաճ, Բելառուսը` 7.5, Ուկրաինան` ոչ ավելի, ոչ պակաս` 39.4 տոկոս, Թուրքիան` 5 տոկոս: Գնաճ ունեն անգամ եվրոպական ամենազարգացած երկրները: Բայց նկատենք, որ Հայաստանն էլ իր գնանկմամբ պարտական է գյուղատնտեսական բարեհաճ տարուն:




