

Մեծ Սեւանն ունի 10 հազար տարվա պատմություն, իսկ այս ամառվանից հետո այդ պատմությունը կարող է գնալ ավելի հեռեւն: Սեւանա լճի հատակից հայտնաբերվել է մի գտածո, որը կարող է ապացուցել, որ Հայաստանի տարածքում եղել են զուբրեր կամ բիզոններ: Ի դեպ՝ հայտնի է, որ նման կենդանիներ բնակվել են այլ վայրերում եւ հատկապես Հայաստանում նման կենդանիներ չեն հանդիպել:
Այս ամռանը Սեւանա լճի հատակից գտնվել է մի ոսկոր, որն, ամենայն հավանականությամբ մոտ 10 հազար տարեկան է եւ կարող է լինել զուբրի կամ բիզոնի ողնաշարից մի հատված: Պատմական գտածոն հայտնաբերվել է Մեծ եւ փոքր Սեւանների մեջտեղում` մոտ 6-7 մետր խորության վրա, «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի անդամների կողմից: Ոսկորն առայժմ ոչ մեկին չի փոխանցվել:
«Այաս» ակումբի անդամների հետ համագործակցում են կենսաբանական գիտությունների դոկտոր Նինա Մանասերյանն ու Կենսաբանական գիտությունների թեկնածու Իվան Գաբրիելյանը, ով անձամբ է սուզվում եւ հետազոտում լճի հատակը: Մասնագետներն ասում են, որ գտածոյի վերաբերյալ մանրամասն պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է անել ԴՆԹ անալիզ: Բայց զգուշացնում են, որ նման անալիզի դեպքում ոսկորն ամբողջությամբ քայքայվում է, այսինքն հետազոտությունից հետո հնարավոր է այդ գտածոն ոչնչանա: Ըստ Նինա Մանասերյանի՝ գտածոյի կարեւորությունն այն է, որ տարածաշրջանում զուբրի մնացորդներ երբեք չեն հայտնաբերվել: <Այաս> ծովային հետազոտությունների ակումբի դայվինգ դեպարտամենտի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը նշում է՝ տարիների ընթացքում լճի հատակին հայտնաբերել են շատ ու շատ իրեր, բայց ոսկոր՝ առաջին անգամ: Պատմում է, որ այս դեպքում էլ սկզբում ուշադրություն չի դարձրել, թե ինչ է գտել:
«Շորժայում ունենք մեր ակումբի տարածքը, երեկոյան, երբ բանուգործ չկա, երեխաներ են գալիս, աշխատում են, քարեր են գտնում, որի վրա նկարչություն են անում: Շատ գեղեցիկ է ստացվում: Ջրի տակից, երբ անսովոր քարեր են լինում, հետազոտում ենք, հանում ենք եւ տալիս նրանք: Սկզբում ես սա որպես քար էի բերում, հետո երբ սկսեցի մաքրել հասկացա, որ ոսկոր է»:
Իսկ թե ընդհանրապես ինչ են տեսնում Սեւանի հատակին դայվերները պատմում է «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի դայվինգ դեպարտամենտի հրահանգիչ Արտակ Ալմասակյանը:
« Ընդհանուր առմամբ կառույցներ, հիմնականում Այրիվանքի մոտերքը: Բավականին կայուն կառուցված, հաստա քարերից ուղղահայաց պատ, փլուզված 1-1.5 մետրանոց տաշված քարերի կույտը, որ բնությունը չի կարող այդպես քար մշակել: Ամենայն հավանականությամբ, կամ ամրոց ափի մոտ, կամ որեւէ նավահանգստի կառամատույց: Այդ մասը պետք է ուսումնասիրվի, այդտեղ մարտեր են գնացել: Մինչեւ այս էլ են եղել դեպքեր, գտել ենք, ուշադրություն չենք դարձրել զենքեր, կենցաղային առարկաներ: Այսօրվա դրությամբ մենք կասկածում ենք, որ լճում կա էլի կմախք՝ տեգահարված կենդանի է, քանի որ պահպանվել է բռոնզի դետալ, ուղղակի չենք կարողանում հասնել: Մենք դեռ կմտածենք՝ տեխնիկապես ինչպես այդ հարցը լուծենք»:
Սեւանա լճի հատակի հետազոտությունները <Այաս> ծովային հետազոտությունների ակումբի անդամներն իրականացնում են սեփական ուժերով եւ էնտուզիազմով: Ասում են շատ բան միայն այդպես հնարավոր չէ անել: Պեղումների վայրը, ջրասուզակները, չեն հրապարակում ու նույնիսկ գաղտնի են պահում: Ասում են՝ ամեն ինչն ունի եւ լավ եւ վատ կողմեր: Լավը նա է, որ այս ամենը կարող է ազդել զբոսաշրջության վրա եւ հետաքրքրել դայվինգի սիրահարներին, ըստ Արտակ Ալմասակյանի՝ վատ կողմը կարող է լինել հետեւյալը.
« Գալիս են մատը դնում են կոնկրետ տեղ ասում են այստեղ ուզում եմ սուզվել: Ինչ է նրան նպատակը: մենք տեղերը չենք ասում, ինչը ոչրտեղ ենք գտնում, որովհետեւ բախտախնդիր մարդիկ կան, որոնք իսկապես, կփորձեն դա կորզել ջրի հատակից եւ անհայտ ուղղությամբ դրանք կգնան երկրից: Էլ չեմ ասում, որ դեպքեր են եղել, որ օրինակ՝ անցյալ տարի ուկրաինացի ջրասուզակը 23 մետր խորության վրա զոհվեց: Դրա համար պետք է կազմել հզոր թիմ, բաղկացած պրոֆերսիոնալ ջրասուզակներից եւ նրանց հետ զուգահեռ սուզվող գիտնականներից»:
Որպեսզի շատ ու շատ գտածոներ չանհետանան, զուգահեռ անհրաժեշտ է ստեղծել ոչ միայն թանգարան, այլեւ գումար հայթհայթել հետազոտությունները շարունակելու համար: Իսկ հետագա պեղումները նույնպես բարդանում են, քանի որ դայվերները բախվում են տարրական խնդիրների՝ ջրում ծանր քար բարձրացնել, տակից իր հանել եւ այլն:




