ԿարևորՔաղաքական

Էդ. Նալբանդյան. «100-րդ տարելիցը կարելի է նոր սկիզբ համարել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման առումով»

«Այս տարին առանձնահատուկ է մեզ համար, քանի որ ողջ աշխարհում հիշատակվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման նպատակով արտաքին գործերի նախարարությունը, մեր դիվանագետները տարել են հետևողական աշխատանք»,- այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների  ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Մենք կարևորում ենք Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը աշխարհասփյուռ հայության համար պատմական արդարության վերականգնման, ապագա ցեղասպանությունների կանխարգելման ու ժխտողականության դեմ պայքարի տեսանկյունից, ինչպես նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, փոխադարձ վստահության, բարիդրացիական հարաբերությունների կառուցման մթնոլորտի ձևավորման առումով: 100-րդ տարելիցը կարելի է նոր սկիզբ համարել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման առումով»,- ասել է Էդ. Նալբանդյանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դասախոսության ընթացքում անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ ընդգծելով, որ չնայած Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական քաղաքականությանը՝ Հայաստանը շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը խոսել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, Հայաստանի և Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության, հարևան երկրների հետ համագործակցության մասին, անդրադարձել այլ երկրների հետ Հայաստանի ընդլայնվող կապերին:

Back to top button