
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների արցախյան ծրագրի շրջանակներում նորվեգացի երաժիշտներն այսօր համերգով հանդես կգան Ստեփանակերտում, դրան զուգահեռ նրանք վարպետության դասեր կանցկացնեն Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում: Իսկ հայ եւ նորվեգացի երաժիշտները համատեղ համերգը տեղի էր ունեցել երեկ՝ Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում։
Հայ և նորվեգացիերաժիշտների համատեղ համերգը մեկն է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կազմած միջոցառումների ցանկից: Այն ավելի քան 30 միջոցառում է ընդգրկում և մեկնարկել է ամիսներ առաջ: Նախարար Նարինե Աղաբալյանի խոսքով` այն հիմնականում իրազեկման բնույթ ունի և ուղղված է նախ և առաջ հայ երիտասարդներին:
Օտարներին ուղղված ծրագրերի շարքում նախարարն առանձնացրեց Արցախի կամերային նվագախմբի համերգները Բոստոնում և Լոս Անջելեսում: Դեպի դուրս ուղղած իրազեկման արշավներին ակտիվ մասնակցում են երիտասարդները՝ օգտագործելով սոցիալական ցանցերի հնարավորությունները:
Մշակութային միջոցառումներից նախարարն առանձնացնում է նաև ցուցահանդեսները՝ արցախցի նկարիչների գործերն են ներկայացվելու, նաև Ստեփանակերտ են բերվելու արևմտահայ նկարիչների կտավները:
Ապրիլի 22-24 Արցախը միանալու է համահայկան միջոցառումներին: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը հիշատակվելու է ողջ տարվա ընթացքում, ասում է նախարարը: Հիմնական միջոցառումներից մեկը ստեպտեմբերի 1-ին տեղի կունենա՝ Շուշիում կներկայացվի Վերդիի «Ռեքվիեմը»։




