

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ ձկնարտահանողների միության նախագահ Արթուր Աթոյանը խոսել է հայ ձկնարտադրողներին առնչվող նոր խնդիրների մասին ու մանրամասնել, թե ինչու է վերջերս արգելվել ռուսական շուկա 6 հայ ձկնարտադրողների մուտքը:
Ի՞նչ փոխեց ԵՏՄ-ի անդամակցությունը Հայաստանի ձկնաբուծության եւ ձկան արտահանման առումով: Հայ ձկնարտահանողների միության նախագահ Արթուր Աթոյանը շեշտում է` անդամակցությունը փոխել է սննդի վերահսկողության կանոնները: Հենց խստացված կանոններն էլ ստիպում են առավել լրջորեն վերաբերվել արտադրվող ձկան որակին:
Ձկնամթերքի տեղափոխման թույլտվություն ստանալու համար հայաստանյան կազմակերպությունների արտադրությունը պետք է նորովի համապատասխանեցվի ԵՏՄ կանոններին: ԵՏՄ-ին անդամագրվելու առաջին 3 ամսվա ընթացքում արդեն հայաստանյան 4 կազմակերպությունների արտադրանքից բողոք է ստացվել: Դրանք հիմա գտնվում են հատուկ վերահսկողության ներքո:
Մինչեւ ԵՏՄ-ին անդամագրվելը ռուսական շուկայում որակական շեղումների հիմնավորմամբ արգելվել էր 6 ձկնարտադրող տնտեսության արտադրանքը: Արգելքից հետո 6 ձկնարտադրողներից 1-ը փակվել է, մյուսները շարունակում են ձկնարտադրությունը, սակայն իրենց արտադրանքը սպառում Հայաստանում:
Այդ խախտումների մասին Ռուսաստանը հայտնել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, որը և արգելել է այս կազմակերպությունների ապրանքների արտահանումը ռուսական շուկա: Ձկնարտադրող վեց կազմակեպություններից որևէ մեկը չի դիմել բողոքով, այսինքն՝ համաձայն են որոշման հետ, նշեց Աթոյանը։
Նոր միության կազմում հայտնվելը, բայց, Հայաստանին մի շարք առավելություններ է ընձեռել, որը ոգեւորել է ձուկ արտահանողներին: ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո մեր ձկնարտադրողները ոչ թե արտահանմամբ են զբաղվելու, այլ տեղափոխությամբ։ Սա մեծ առավելություններ է տալիս մեզ իրականում: Սա նույնն է, ինչ որ նույն երկրի մի տեղից մի ուրիշ տեղ ապրանք տեղափոխելը: Այսօր Ռուսաստան արտահանելու ներուժ ունեցող հայաստանյան կազմակերպությունները 34-ն են:
Արդյո՞ք հայ արտադրողները կկարողանան ռուսական շուկայի պահանջարկը բավարարել թե որակի, թե քանակի առումով։ Հայ ձկնարտահանողների միության նախագահ Արթուր Աթոյանը վստահ է, որ հայկական արտադրության ձկնամթերքի որակը դեռ մի բան էլ գերազանցում է ռուսական եւ եվրոպական պահանջները:
Ինչ վերաբերում է քանակին, ապա, Աթոյանի գնահատմամբ, մենք ռուսական շուկայի պահանջարկը չենք կարող բավարարել, որովհետեւ երբ բնապահպանական միջոցառումներ են կիրառվում, օգտագործվող ջրային պաշարները կրճատում են առանց որեւէ փոխհատուցման ու տնտեսական ճնշումների են ենթարկում, արտադրության ծավալները չեն ավելանա եւ չեն կարող ավելանալ։




