Քաղաքական

Իտալիայի Սենատն ընդունել է Հոլոքոստի եւ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ

Իտալիայի Սենատը փետրվարի 11-ին 234 կողմ, 8 ձեռնպահ եւ 3 դեմ ձայներով ընդունել է Հոլոքոստի եւ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ:

Այն պատիժ է սահմանում Հոլոքոստը, մարդկության դեմ գործված հանցագործությունները, պատերազմի ոճիրները ժխտողների նկատմամբ: Այս մասին հաղորդում է Սենատի պաշտոնական կայքը եւ Il Sole 24 Ore -ն:

Երբ օրինագիծն ընդունվի բոլոր ատյաններում, երեք տարվա ազատազրկում կսպառնա այն անձանց, ովքեր «մասամբ կամ ամբողջությամբ կժխտեն Հոլոքոստը, կհրահրեն կամ կկատարեն ռասսայական խտրականության վրա հիմնված արարքներ»:

Օրինագիծը դեռ պետք է հավանության արժանանա Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից: Սենատորները քվեարկության ժամանակ հստակ ընդգծել են` օրինագծի ընդունումը չի խաթարում խոսքի ու ազատ արտահայտվելու իրավունքը:

Օրինագծի ջատագով, արդարադատության հանձնաժողովի անդամ Ջուզեպե Լումիան նշել է, որ օրինագծի ընդունումը բեկումնային է Իտալիայի համար:

«Հոլոքոստի եւ ցեղասպանությունների ժխտումը կպատժվի ինչպես շատ երկրներում, այնպես էլ Իտալիայում»,- ասել է Լումիան:

Ֆրանսիան եւ Գերմանիան եվրոպական այն երկրների թվում են, որոնք քրեականացրել են Հոլոքոստի ժխտումը: Ֆրանսիայում օրինագիծ է շրջանառվում, որը պատիժ կսահմանի նաեւ Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ: Իտալիայի պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող որոշում է ընդունել 2000թ. նոյեմբերի 16-ին:

Կարդացեք նաև

Back to top button