
ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանը կմեկնարկի օգոստոսի 2-ին։ Օրակարգում վեց հարց է, որոնցից են ԱԺ նախագահի և երեք տեղակալների ընտրությունները, մշտական հանձնաժողովների ձևավորումը և դրանց նախագահների ընտրությունները։ Առաջին նստաշրջանում խորհրդարանը պետք է հավանություն տա նաև կառավարության ծրագրին: Միաժամանակ նույն օրվանից ամբողջությամբ կգործարկվի ԱԺ նոր կայքը։
Հեռացող խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին նվերը 9-րդ գումարմանը ԱԺ նոր կայքն է․ Սիմոնյանը գրառմամբ տեղեկացրել է՝ այն արդեն գործարկված է, ԱԺ լրատվական բաժինը ընդարձակ՝ 10–րոպեանոց նյութ է հրապարակել դրա ստեղծման մասին։ ԱԺ կայքի նորացման ծրագիրն իրագործվել է երկու փուլով․ առաջինում ֆինանսավորումն ապահովել են դոնոր կազմակերպությունները, իսկ երկրորդում՝ Ազգային ժողովը ՄԱԿ զարգացման ծրագրի հետ։ ԱԺ աշխատակազմի պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանի խոսքով՝ կայքը ստեղծողները ուսումնասիրել ու տեղայնացրել են այս ոլորտի միջազգային լավագույն փորձը․
«Այս վերակառուցման հիմնական նպատակը ոչ միայն Ազգային ժողովի նոր ինտերնետային կայքի ստեղծումն էր, այլ նաև խորհրդարանի տեղեկատվական համակարգերի և աշխատանքների առանցքային փուլերի ավտոմատացման, օպտիմալացման միասնական գործիքակազմի ստեղծումը։ Կատարված աշխատանքի արդյունքում մենք ունեցանք Ազգային ժողովի լիովին նոր ինտերնետային կայք, նոր և արագագործ ծրագրավորում արվեց, տվյալների բազաների ամբողջական վերակառուցում իրականացվեց, ինչպես նաև տարիների ընթացքում կուտակված արխիվային նյութերի անվտանգ միգրացիա՝ դեպի նոր համակարգ»։
Լրագրողների աչքից սակայն չի վրիպել այն, որ տարիներ շարունակ խորհրդարանի կայքում պահպանվող տեղեկությունների մի մասն անհասանելի է դարձել։ Ազգային ժողովի լրատվության բաժնից պարզաբանել են, որ սա ժամանակավոր է, կայքն այժմ փորձարկման փուլում է և ամբողջովին կգործի ԱԺ առաջին նիստի օրվանից։ Շեշտել են, որ ինֆորմացիայի միգրացիան կազմակերպվել է այնպես, որ որևէ տվյալ չկորչի։
«Հարգելի պատգամավորները, խնդրում ենք զբաղեցնել ձեր տեղերը»։
ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստն այս կիրակի է՝ օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00-ին՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հաստատել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։ Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի՝ առաջին նիստի օրակարգային առաջին հարցը հաշվիչ հանձնաժողովի ձևավորումն է։ Դրա կազմ պետք է ընդգրկվեն թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները՝ ըստ խորհրդարանում ներկայացվածության համամասնության։ Հենց այս մարմինն է կազմակերպելու և ամփոփելու Ազգային ժողովում անցկացվելիք առաջին քվեարկությունների արդյունքները։ Հանձնաժողովի լիազորությունները, սակայն, պահպանվելու են ամբողջ գումարման ընթացքում։
Դրանից հետո պատգամավորները կընտրեն Ազգային ժողովի նախագահ և փոխնախագահներ։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որ հունիսի 7-ին անցկացված համապետական ընտրություններով ստացել է մանդատների մեծամասնությունը, արդեն որոշել է, թե առանցքային պաշտոններում ում թեկնածությունն է առաջադրելու։ ԱԺ նախագահի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է, փոխնախագահներինը՝ Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը։ Երրորդ փոխնախագահը, ըստ օրենքի, պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ։ Մինչև նոր նախագահի ընտրությունը նիստը կվարի տարիքով ամենաավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։ Այդ փորձառությունը, ի դեպ, խորթ չէ նրա համար։ ԱԺ վերջին գումարումները հենց նա է բացել․
«Ես խնդրում եմ, մի խանգարեք: Էստեղ ակցիա չի, էստեղ միտինգի տեղ չի, սա խորհրդարան է, չէ՞, ամբողջ աշխարհը մեզ է նայում: Դե եկեք վերջացնենք, հետո էդ ձեր հարցերը ուրիշ ձևով կլուծեք»:
Օգոստոսի 2-ի նիստում կընտրվեն նաև մշտական հանձնաժողովների նախագահները։ Հանձնաժողովների ղեկավար պաշտոնները բաշխվում են խորհրդարանական ուժերի մեջ «Դոնթի բանաձևով»․ յուրաքանչյուր խմբակցություն ստանում է իրեն հասանելիք հանձնաժողովների ղեկավարումը՝ ըստ մանդատների քանակի։ Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» 9, «Ուժեղ Հայաստանը» 2, «Հայաստանը» դաշինքը 1 հանձնաժողովների նախագահներ կունենան։
Ըստ Սահմանադրության՝ խորհրդարանում մեծամասնություն կազմած խմբակցությունը վարչապետի թեկնածուի վերաբերյալ որոշում է ընդունում և այն ներկայացնում Հանրապետության նախագահին։ Նախագահը նշանակում է վարչապետին, ինչից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում ձևավորում է կառավարությունը։ Կառավարության կազմավորումից հետո վարչապետը 20-օրյա ժամկետում Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը, իսկ խորհրդարանը պարտավոր է այն քննարկելու և 7 օրվա ընթացքում քվեարկությամբ հավանություն տալու դրան կամ մերժել այն։
«Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում ձեզ․․․»։
Օգոստոսի 2-ի գլխավոր ինտրիգներից մեկն այն է, թե արդյոք ԱԺ նիստը կմեկնարկի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի օրհնությամբ։ Հարցին դեռ հստակ չեն պատասխանել ոչ Մայր Աթոռից, ոչ էլ ԱԺ-ից։ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի օրհնությամբ են բացվել անկախ Հայաստանի Ազգային ժողովի բոլոր առաջին նիստերը:
Ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցության մասին նշված է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահն ու կաթողիկոսը: Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են։ Առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով և հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:




