
Արևիկ Կիրակոսյան
«Ռադիոլուր»
Վերջին 2 շաբաթում հանրային տրանսպորտում կիրառված տուգանքների թիվն ավելացել է 1883-ով։ Ի՞նչն է պատճառը, ինչպես են իրականացվում ստուգումները և ինչ ընթացակարգ է գործում չվճարված տուգանքների դեպքում։
1883-ով ավելի տուգանք՝ վերջին 2 շաբաթում․հանրային տրանսպորտում ստուգումների արդյունքներն ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի վերջին նիստում։ Արդյո՞ք այս ցուցանիշը պայմանավորված է խստացված վերահսկողությամբ։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի քարտուղար Գեղամ Ասատյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է․
«Ստուգայցերը պարբերական են․դրանց ժամերն ու երթուղիները որոշվում են ներքինը նթացակարգերով։ Ըստա նհրաժեշտության՝ կարող են ընտրվել թիրախային ուղղություններ և իրականացվել հատուկ ստուգումներ։ Հաշվետու ժամանակահատվածում արտակարգ խստացված ռեժիմ չի կիրառվել, սակայն կարևոր է արձանագրել, որ ստուգայցերը պարբերական բնույթ են կրում։ Ցուցանիշների փոփոխությունը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով՝ սկսած ստուգումների հաճախականությունից մինչև ուղևորահոսքի փոփոխություն։ Հետևաբար, աճը միայն մեկ գործոնով պայմանավորելը ճիշտ չէ»։
Որպես համեմատություն՝ Ասատյանը ներկայացնում է նաև հունիսի տվյալները․
«Հունիսին իրականացվել է 9672 ստուգում, որոնց արդյունքում արձանագրվել է 1959 տուգանք։
Համաձայն գործող կարգավորումների՝ հանրային տրանսպորտում սահմանված է տուգանքի երեք չափ՝ տոմսը չվավերացնելու համար՝ 3000 դրամ, առանց տոմսի երթևեկելու համար՝ 10 000 դրամ, իսկ ուրիշի արտոնյալ քարտն օգտագործելու համար՝ 15 000 դրամ։
Տուգանքի մասին որոշումն ստանալուց հետո քաղաքացին 30 օր ունի՝ այն կամավոր վճարելու համար։ Եթե այդ ժամկետում տուգանքը չի վճարվում, դրա չափն ավելանում է 50 տոկոսով, որից հետո որոշումն ուղարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ Այնտեղ օրենքով սահմանված կարգով կարող են կիրառվել հարկադիր կատարման միջոցներ, այդ թվում՝ բանկային հաշիվների վրա արգելանք դնել և գումարը գանձել հարկադիր կարգով»։
Սակայն վերահսկողությանը զուգահեռ՝ քաղաքացիներից ոմանք դժգոհում են ստուգումների ձևաչափից և հսկիչների աշխատանքից։ Անունը չհրապարակելու պայմանով «Ռադիոլուրի» հետ զրույցում ուղևորներից մեկը պատմել է իր հետ տեղի ունեցած դեպքի մասին։
«Նստել եմ ավտոբուս և վճարումը կատարել բանկային քարտով։ Հաջորդ կանգառում միացել է մի անձ, որն, ըստ իրեն, Երևանի քաղաքապետարանի աշխատակից էր, և պահանջել է բանկային քարտս մոտեցնել իր ձեռքի ստուգիչ սարքին։ Մերժել եմ, քանի որ նա չի ներկայացրել բավարար հիմքեր՝ անձնական տվյալներ պարունակող քարտս ստուգելու համար։ Շեշտել եմ, որ վճարումս պատշաճ կատարված է, իսկ նրա չներկայանալու պայմաններում ստուգման այլ տարբերակներ կան, այդ թվում՝ տեսախցիկները»։
Հարցին, թե հսկիչն իրավունք ունի՞ տուգանել քաղաքացուն՝ առանց ծառայողական վկայական ներկայացնելու, Գեղամ Ասատյանը պատասխանում է․
«Իմ տեղեկություններով՝ հսկիչները միշտ ներկայանում են համապատասխան վկայականներով։ Միայն սկզբնական շատ կարճ ժամանակահատվածում է հիմք եղել քաղաքապետի որոշումը, որից հետո ստուգայցեր իրականացնողներն ապահովվել են նաև ծառայողական վկայականներով։ Այսինքն՝ նրանք գործում են թե՛ քաղաքապետի որոշման, թե՛ ծառայողական վկայականի հիման վրա»։
Քաղաքացիներից մեկն էլ կարծում է, որ տրանսպորտում իր՝ վճարած-չվճարած լինելը ստուգելիս խախտվել է նաև անձնական տվյալների պաշտպանության իրավունքը։
«Տվյալ հսկիչն այնուհետև, առանց զգուշացնելու, փորձել է լուսանկարել ինձ։ Իմ կարծիքով, սա խախտում է Սահմանադրության 34-րդ հոդվածով սահմանված՝ անձնական տվյալների պաշտպանության իմ իրավունքը»։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում, սակայն, նշում են, որ խոսքը մասնավոր դեպքի մասին է և պատրաստ են մեկնաբանել հանգամանքներն ուսումնասիրելուց հետո։
Դժգոհությունները դրանով չեն սահմանափակվում։ Մեկ այլ ուղևոր էլ դժգոհում է գործող կարգից․ գերծանրաբեռնված ավտոբուսում վճարման սարքին անմիջապես մոտենալ չկարողանալու պատճառով ինքը տուգանվել է երթևեկության առաջին իսկ րոպեներին։
«Ավտոբուս եմ նստել գերծանրաբեռնված, պիկ ժամին։ Քանի որ պարզապես չէի հասնում վճարման սարքին, մտածեցի՝ մինչև իջնելս ընթացքում կհասցնեմ վճարել։ Սակայն մի քանի րոպե անց ինձ տուգանեցին՝ պատճառաբանելով, որ ավտոբուս նստելուց անմիջապես հետո վճարում չէի կատարել։ Կարծում եմ՝ դա անարդար է։ Ես միևնույն է ընթացքում վճարելու էի, ինչպես անում եմ միշտ։ Ինչո՞ւ պետք է հենց ես տուգանվեի»։
Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքը սահմանում է․
«Ուղևորը պարտավոր է տրանսպորտային միջոց մուտք գործելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան մեկ րոպեի ընթացքում տոմսը վավերացնել տրանսպորտային միջոցում տեղադրված սարքի միջոցով և մինչև ուղևորության ավարտն իր մոտ պահպանել վավերացված կրիչը և հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում տրամադրել այն»։
Հանրային քննարկման ընթացքում հենց այս նորմն էլ քննադատվում էր, օրինակ՝ նշվում էր, որ միշտ հնարավոր չէ մեկ րոպեում հասնել վալիդատորին։ Բայց 2025 թ. դեկտեմբերին այդ դրույթն ամրագրվեց օրենքում։ Նույն օրենքը նաև նախատեսում է․ մեջբերում․
Վերահսկող անձինք իրավունք ունեն տեղական վճարի վճարման միջոց չունեցող անձին տեսաձայնագրել կամ լուսանկարել՝ դիմապատկերով նույնականացնելու նպատակով պետռեգիստրից տեղեկատվություն ստանալու համար, իսկ եթե տվյալ անձը հրաժարվում է նույնականացումից, իրավասու են դիմել ոստիկանություն՝ այնտեղից ստանալու աջակցություն նույնականացման իրենց լիազորություններին, իսկ տեղում դրա անհնարինության դեպքում՝ այդ անձանց ոստիկանություն տեղափոխեն։
Ուշագրավ է, որ օրենքում խոսվում է ոչ թե չվճարողին նկարահանելու, այլ վճարման միջոց չունեցող անձին տեսաձայնագրել կամ լուսանկարելու մասին։
Քաղաքապետարանում վստահեցնում են՝ ստուգայցերը լինելու են պարբերական։ Եթե անգամ մի քանի դեպքում չվճարելը կարող է աննկատ մնալ, ապա նկատվելու դեպքում տուգանքն ավելի ծանր է լինելու, քան տասնյակ դեպքերում վճարելը։ Իսկ քաղաքացիները կարծում են, որ հանրային տրանսպորտում նոր մշակույթ ձևավորելը միայն տուգանքներով չէ․ անհրաժեշտենհստակկանոններ, միատեսակկիրառվողև առավել տրամաբանված ու հասկանալի ընթացակարգեր։




