
Կառավարությունը համաձայնություն է տվել Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամին ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն։ Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծվի իրագործել հիմնադրամի բարեգործական ծրագիրը։ Ախուրյան համայնքի Մարմաշեն գյուղում կկառուցվի «Կանաչ Տեխնոլոգիաների Հաբ» կրթական կենտրոն և «Chillwithtech» տեխնոլոգիական 6 կացարան։
Նախատեսվում է դրանք հագեցնել անհրաժեշտ տեխնիկայով, համակարգիչներով, նորարարական լուծումներով և ապահովել մինչև 30 շահառուի միաժամանակյա դասավանդման հնարավորություն։ Հիմնադրամի նպատակներից է ապակենտրոնացնել տեխնոլոգիական ոլորտի զարգացումները՝ խթանելով կրթությունն ու աշխատատեղերը Շիրակի մարզի բնակավայրերում։
Հիմնադրամը, վերանայելով իր ծրագրերը, առաջնահերթություն է տվել և ներդրումներն ուղղել խորը ինժեներական և արտադրական ոլորտների կրթական ծրագրերի իրականացմանը, որոնց շնորհիվ ավագ դպրոցի սովորողները ստանում են մեխանիկական, էլեկտրական ճարտարագիտության ու արհեստական բանականության ոլորտի համակցված հմտություններ հատուկ կահավորված ինժեներական լաբորատորիաներում։
Հաբում գյուղական համայնքների երիտասարդների ու կենտրոնի փորձագետների կողմից ստեղծված ինժեներական լուծումները կկիրառվեն գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում՝ նպաստելով նաև կանաչ էկոլոգիայի ձևավորմանն ու շրջակա միջավայրի մաքրությանը։
Ծրագրի իրականացման համար առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվում է կատարել 100 մլն դրամ ներդրում։ Նախատեսվում է 5 նոր սկսնակ ընկերությունների ստեղծում։ Ծրագիրը արժանացել է նաև ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան հավանությանը և ստացել նրանց կողմից դրամաշնորհ ստանալու իրավունք։ Ծրագիրը համաֆինանսավորվում է նաև Գերմանական «Ջի Այ Զեթ» կազմակերպության կողմից։
Փոխվարչապետը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել, որ պետք է խրախուսել, աջակցել բոլոր նման նախաձեռնությունները ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշել է, որ այս ծրագիրն ընդլայնում է ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները։ Ըստ նախարարի՝ ֆորմալ կրթությունը պետք է անպայման լրացվի ոչ ֆորմալ կրթական միջավայրերով, որովհետև մարդիկ սովորում են ոչ միայն դպրոցում, քոլեջում, բուհում, այլև իրենց կյանքի յուրաքանչյուր պահին՝ տարբեր միջավայրերում:
«Այսօր տեխնոլոգիական կրթությունը դարձել է մեր կրթական համակարգի բրենդը, և մենք ունենք բազմաթիվ հաջողված տեխնոլոգիական ոչ ֆորմալ կրթության օրինակներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում նաև Հայաստանից դուրս։ Ինչպես, օրինակ՝ «Թումոն» է, «Արմատ» լաբորատորիաներն են, որոնք գործում են 600-ից ավելի դպրոցներում որպես մեր ոչ ֆորմալ կրթության հաջողված օրինակ: Նմանատիպ հետաքրքրություն առաջացնում է նաև COAF-ը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։




