
Ինչո՞ւ են Հայաստանում ավելանում ամուսնալուծությունները, որո՞նք են հիմնական պատճառները, ինչպե՞ս է փոխվել հասարակության վերաբերմունքն այդ երևույթի նկատմամբ։
«Ամուսնացել եմ 20 տարեկանում, հիմա 23 տարեկան եմ։ Ամուսնությունից ընդամենը մի քանի ամիս անց հասկացա, որ չենք կարողանում կենցաղը կիսել․ չէինք հասկանում իրար։ Անընդհատ վեճերի պատճառով որոշեցի բաժանվել։ Հիմա, եթե նորից լիներ, կարծում եմ՝ այդ տարիքում չէի ամուսնանա»։
Ամուսնության օրը քչերն են պատկերացնում, որ որոշ ժամանակ անց կարող են դատարանում հանդիպել իրենց ընտրյալի հետ՝ արդեն հայցվորի կամ պատասխանողի կարգավիճակում։ Վիճակագրությունը փաստում է, որ տարեցտարի Հայաստանում ամուսնալուծություններն ավելանում են։
2025 թվականին մեր երկրում պաշտոնապես ամուսնալուծվել է 4․881 զույգ․ սա շուրջ 200-ով ավելի է 2024-ի ցուցանիշից։
Ամուսնալուծությունների շուրջ կեսը բաժին է ընկնում մայրաքաղաքին. Երևանում նախորդ տարի գրանցվել է 2․280 դեպք։ Մարզերից ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կոտայքի մարզում, որտեղ ամուսնալուծվել է 433 զույգ։
Ինչո՞ւ են ավելի շատ բաժանվում ամուսնական զույգերը, ո՞ր վեճերն են նրանց ավելի հաճախ դատարան հասցնում։
Շուրջ 10 տարի ամուսնալուծության գործերով զբաղվող փաստաբան Պայծառ Քոչարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում իր վիաճակագրական ամփոփումն է անում։ Նախ նկատում է, որ փոխվել է ամուսնալուծության տարիքային շեմը․
«Տարիքային իմաստով նախկին պատկերացումները վերացել են, որովհետև տարիքային շեմում բավական մեծ փոփոխություն է եղել. տարիքով անձինք ևս, որ երկար ճանապարհ են անցել իրենց ամուսինների հետ, ցանկանում են ամուսնալուծվել։ Շաբաթական առնվազն հինգ զանգ ենք ստանում։ Իհարկե, ոչ բոլորն են ամուսնալուծվելու ցանկություն հայտնում․ կան զույգեր, որոնք դեռ վերջնական որոշում չեն ընդունել»։
Իրավաբանի դիտարկմամբ՝ բաժանվելու մտադրությունը ավելի հաճախ դիմումի վերածում են կանայք։ Պատճառները տարբեր են՝ անհավատարմությունից ու անտարբերությունից մինչև ծնողների միջամտություն․
«Յուրաքանչյուր զույգի մոտ ամուսնալուծության պատճառները տարբեր են։ Երբեմն դա լինում է մեկ հիմնական պատճառ՝ խաղամոլություն, թմրամոլություն կամ ամուսնական անհավատարմություն։ Երբեմն էլ պատճառների համախումբն է հանգեցնում նրան, որ կողմերը որոշում են ամուսնալուծվել»։
Անհամեմատ ավելի քիչ դեպքերում ամուսիններն են հայց ներկայացնում, օրինակ՝ ալիմենտի չափը փոխելու կամ կնոջը ծնողական իրավունքներից զրկելու պահանջով՝ ասում է իրավաբանը։
Մեկ այլ տեսանկյունից խնդիրն ամուսնական կյանքին անպատրաստ լինելն է: Նշանագիտության մասնագետ ԵՊՀ դոցենտ Ամալյա Սողոմոնյանի դիտարկմամբ՝ երիտասարդները նախապես լիարժեքորեն չեն ճանաչում միմյանց.
«Այլ բան է սիրահարվելը, միասին թատրոն կամ ֆիլմ հաճախելը, և բոլորովին այլ բան՝ կենցաղը կիսելն ու երեխաների դաստիարակությամբ զբաղվելը։ Զույգերը հաճախ պատրաստ չեն լինում կիսելու ընդհանուրը՝ թե՛ ֆիզիկական տարածքը, թե՛ կենցաղը, ինչն էլ հանգեցնում է լուրջ հոգեբանական բախումների»։
Ամուսնալուծությունների աճը մասնագետը պայմանավորում է նաև հանրային ընկալումների փոփոխությամբ․ նախկինում պարսավանքի թիրախում կինն էր, այժմ վերաբերմունքն այլ է․
«Հասարակության վերաբերմունքը ամուսնալուծությունների նկատմամբ ևս փոխվել է․ եթե նախկինում այն ավելի մեղադրական ու խրատական էր, ապա այժմ համարվում է, որ դա զույգերի անձնական որոշումն է։ Սակայն սա հաճախ հակառակ ազդեցությունն է ունենում․զույգերն այլևս չեն լսում մեծերի խորհուրդները, նրանց հետաքրքիր չէ շրջապատի կարծիքը և այլևս չեն վախենում հանրային քննադատությունից»։
Հանրային վերաբերմունքի փոփոխությունը, ըստ հոգեբանի, կարող է հանգեցնել այլ ծայրահեղության՝ ամուսնալուծությունն ու բաժանումը սովորական երևույթ համարելուն, ինչն ազդում է ընտանեկան մոդելի ընկալման վրա։
Մասնագետների գնահատմամբ՝ իրավիճակն ազդում է նաև ծնելիության ցուցանիշի վրա։ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին հանրապետությունում ծնվել է 20 437 երեխա. ցուցանիշը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6,3 %-ով։




