
Փորձանոթներում ընթացող ռեակցիաները նրա համար պարզապես քիմիական բանաձևեր չեն։ Դրանք հարցերի պատասխաններ են ու նոր բացահայտումների ճանապարհ։ 17-ամյա Դավիթ Փիրումյանը դեռ դպրոցական է, բայց գիտության ոլորտում արդեն լուրջ քայլեր է անել՝ միջազգային մրցույթներից մինչև համալսարանական հետազոտություններ։ Քիմիայի հեղինակավոր միջազգային մրցույթում «Ռադիոլուրի» զրուցակիցն ընդգրկվել է լավագույն մասնակիցների շարքում, ստացել նոր առաջարկներ, իսկ հաջորդ փորձությունը կլինի Թաիլանդում անցկացվելիք միջազգային մրցույթը։
17-ամյա Դավիթ Փիրումյանի ճանապարհը սովորական դպրոցական պատմություն չէ․ տեղափոխություն, նոր միջավայրին հարմարվելու փուլ և դպրոցական առարկա, որը դարձավ նրա ամենամեծ հետաքրքրությունը և նախանշեց ապագա մասնագիտությունը՝ քիմիան։ Դեռ դպրոցական Դավիթն արդեն առաջին քայլերն է անում մեծ գիտության մեջ․ նրա առօրայի մի մասն է համալսարանական լաբորատորիան։ Մինչև 2023 թվականը Դավիթն ապրել է Ռուսաստանում։ Հայաստան վերադառնալուց հետո, նոր միջավայրին հարմարվելու ճանապարհին, քիմիան մնաց նրա հետաքրքրությունների կենտրոնում, այն այժմ ուսումնասիրում է անգլերենով։ Բարդ գիտության մասին՝ պարզ ձևակերպումներով, պատմում է 17-ամյա զրուցակիցս՝ Դավիթը.

«Քիմիան ինձ համար իրական մոգություն է։ Օրինակ՝ երկու շատ ակտիվ նյութերից կարող ես ստանալ սովորական ջուր։ Ամեն անգամ, երբ հասկանում ես՝ ինչու է դա տեղի ունենում, նորից սիրահարվում ես այս գիտությանը»։
Ճանապարհը դեպի միջազգային հարթակ
Բացառիկ գիտելիքները Դավիթին ապրիլինի տարան International Chemistry Competition-ին՝ քիմիայի օնլայն միջազգային մրցույթին, որին այս տարի մասնակցել է շուրջ 4500 աշակերտ՝ աշխարհի տարբեր անկյուններից։
«Մրցույթի մասին ինձ տեղեկացրեց հենց դպրոցը։ Ասացին, որ քանի որ քիմիայով հետաքրքրված եմ, արժե մասնակցել։ Ես առանց երկար մտածելու համաձայնեցի, լրացրեցի հայտը, և այդպես սկսվեց իմ ճանապարհը դեպի միջազգային մրցույթ»։


Որակավորման փուլը հաղթահարում էին միայն լավագույն արդյունք գրանցած մասնակիցները, ինչը Դավիթը հաջողեց։ Եռափուլ պայքարն արդեն միջազգային հարթակում շարունակեցին Դավիթն ու իր համադասարանցին՝ Հայաստանից ընդամենը երկու ներկայացուցիչ։
International Chemistry Competition-ը մրցույթը պահանջում է ոչ միայն քիմիական բանաձևերի իմացություն, այլև տրամաբանական մտածողություն, ստեղծագործ մոտեցում և բարդ խնդիրներ ինքնուրույն լուծելու կարողություն։ Դավիթն այս բոլորը հաղթահարել է ոլորտի լավագույն մասնագետների ուշադրության ներքո։ International Chemistry Competition-ի արդյունքներով նա դարձավ Հայաստանի լավագույն մասնակիցը, իսկ նրա դասարանցին զբաղեցրեց երկրորդ տեղը։ Աշխարհի շուրջ 4500 մասնակիցների մրցակցությունում Դավիթը հայտնվեց լավագույն 7 տոկոսի մեջ՝ ընդգրկվելով աշխարհի լավագույն 315 մասնակիցների շարքում։ Այս արդյունքի համար նա արժանացավ Silver Honour (Արծաթե պատվո նշան) մրցանակին։


«Երբ բացեցի մրցույթի նամակն ու տեսա արդյունքները, առաջին պահին նույնիսկ չհավատացի։ Հետո հասկացա, որ Հայաստանի մասնակիցների մեջ առաջին տեղն եմ զբաղեցրել։ Անկեղծ ասած՝ անչափ ուրախ էի։ Այդ պահին հասկացա, որ իմ ամբողջ աշխատանքն ու ներդրած ջանքերը գնահատվել են»։
Գիտությունը՝ որպես ընտանեկան ժառանգություն
Դավիթի ընտանիքում քիմիան, այսպես ասած, ընտանեկան մասնագիտություն է։ Հայրը քիմիկոս է, պապիկն ու հորեղբայրը՝ քիմիական գիտությունների թեկնածուներ, ընտանիքի մյուս անդամները ևս երկար տարիներ կապ են ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի հետ։ Դեռ մանկուց ձևավորված հետաքրքրությունը Դավիթին տարավ նաև համալսարանի կենսաքիմիայի լաբորատորիա, որտեղ երիտասարդ գիտնականների հետ նա անցնում է գործնական փորձերի՝ լի այն համոզմունքով, որ քիմիայի միջոցով մարդկանց կյանքը կարելի է փոխել։ Լաբորատորիայում Դավիթը սեփական գաղափարների իրագործումն էլ է տեսել։
«Մի անգամ առաջարկեցի երկու տարբեր դեղամիջոց խառնել և ստացված խառնուրդը փորձարկել քաղցկեղային բջիջների վրա։ Բոլորիս համար անսպասելի արդյունք ստացվեց․ այդ համադրությամբ դեղամիջոցի արդյունավետությունը մոտ մեկուկես անգամ բարձրացավ, և այն շատ ավելի արդյունավետ էր ոչնչացնում քաղցկեղային բջիջները։ Իհարկե, սա դեռ հետազոտական աշխատանք է, բայց ինձ համար շատ կարևոր էր, որ իմ առաջարկն իրական արդյունք տվեց»։
Ապագայի երազանքներն ու նոր դերը
Միջազգային հաջողությունը Դավիթի համար դեռ միայն սկիզբն է։ Բարձրագույն կրթությունը ծրագրում է արտասահմանում, իսկ ապագան՝ բացառապես Հայաստանում։ Երազանքը նոր գիտական լուծում առաջարկելն է։
«Այս պահին դեռ չունեմ կոնկրետ գաղափար, թե ինչ նոր բան եմ ստեղծելու։ Կարծում եմ՝ դրա համար նախ պետք է ավելի շատ սովորեմ, ավելի խորանամ գիտության մեջ։ Բայց մի բանում վստահ եմ՝ ուզում եմ ստեղծել մի բան, որը իսկապես օգտակար կլինի մարդկանց և կթողնի իր հետքը գիտության մեջ»։
Միջազգային մրցույթում հաջող մասնակցությունը Դավիթի համար նոր հնարավորություններ է բացել։ Մրցույթի կազմակերպիչները նրան առաջարկել են դառնալ International Chemistry Competition մրցույթի պաշտոնական դեսպանը Հայաստանում։ Սա նշանակում է, որ հայ երիտասարդը կներկայացնի մրցույթը հայ դպրոցականներին, կխրախուսի նրանց մասնակցել, կձևավորի հետաքրքրված աշակերտների համայնք և կնպաստի միջազգային այս մրցույթի ճանաչելիությանը։




